ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 5-ին ստորագրել է իր 200-րդ նախագահական հրամանագիրը։ Այդ փաստաթղթով ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը վերանվանվել է Պատերազմի նախարարություն։ Հենց այդ կերպ էր Պենտագոնը կոչվում մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։
BBC-ն նշում է, որ գերատեսչության անվան ֆորմալ փոփոխման համար, ինչպես և նոր դեպարտամենտի ստեղծման համար, անհրաժեշտ է Կոնգրեսի հավանությունը, այնպես որ ներկայումս անվանափոխությունը դեռևս օրինական չէ։
Փաստաթղթի տեքստից պարզ է դառնում, որ այն պաշտպանության նախարարին, գերատեսչությանը և ենթականերին թույլ է տալիս, ի հավելումն, կիրառել նաև անվան այդ տարբերակը։
Հրամանագրի համաձայն՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը այսուհետ իր պաշտոնը կարող է անվանել «պատերազմի նախարար»։
««Պատերազմի նախարարություն» անվանումը պատրաստվածության և վճռականության ավելի ուժեղ ազդանշան է ուղարկում՝ «պաշտպանության նախարարության» հետ համեմատած, որը կենտրոնանում է միայն պաշտպանվելու ունակության վրա»,- նշվում է հրամանագրում։
Ըստ փաստաթղթի՝ անվանափոխությունը «գերատեսչության ուշադրությունը կկենտրոնացնի մեր ազգային շահերի վրա և հակառակորդներին ազդանշան կտա, որ Ամերիկան պատրաստ է պատերազմ վարել՝ իր շահերն ապահովելու համար»:
Սպիտակ տունը դեռևս չի հայտնում, թե ինչ կարժենա անվանափոխությունն ու ռեբրենդինգը։ Ամերիկյան մամուլի գնահատմամբ՝ դա կարող է հասնել միլիարդավոր դոլարների. պետք է անվանափոխվեն տասնյակ գործակալություններ, պետք է փոխվեն խորհրդանշանները, էլեկտրոնային փոստերի անվանումները, համազգեստը և այլն։
Նախատեսվող հրամանագրի մասին առաջինը հայտնել էր Fox News-ը։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը վերահրապարակել էր հեռուստաընկերության գրառումը՝ այն ուղեկցելով «ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» մեկնաբանությամբ (գլխատառերը Հեգսեթի՝ խմբ.):
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1947 թվականին, Պատերազմի նախարարությունը վերանվանվում է Ազգային ռազմական գերատեսչության։ Այդ ժամանակ այն իր կազմում ներառում էր ռազմածովային նախարարությունը, ցամաքային զորքերի նախարարությունը և ռազմաօդային նախարարությունը։ Մինչ վերանվանումը Պատերազմի նախարարության կազմում էին միայն ցամաքային զորքերի և ռազմաօդային նախարարությունները։ 1949 թվականին էլ Ազգային ռազմական գերատեսչությունը վերանվանվում է Պաշտպանության նախարարության։
Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է գերատեսչությանը պատմական անվանումը վերադարձնելու մտադրության մասին, որով ԱՄՆ-ն երկու համաշխարհային պատերազմներում «հաղթանակների անհավանական պատմություն» է ունեցել:
«Համոզված եմ, որ Կոնգրեսը կհամաձայնի, եթե դա անհրաժեշտ լինի: Ես նույնիսկ չեմ կարծում, որ Կոնգրեսի համաձայնությունն անհրաժեշտ է»,- օգոստոսի վերջին լրագրողներին հայտնել էր Թրամփը։
Լուսանկարը՝ Reuters/Brian Snyder
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter