Անկարայում տեղակայված BMC-ի նոր գործարանում սկսվել է թուրքական Altay հիմնական մարտական տանկի (MBT) սերիական արտադրությունը: Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ գործարանի պաշտոնական բացման արարողության ժամանակ առաջին տանկերը կհանձնվեն զինվորականներին:
Պետական Anadolu լրատվական գործակալությունն առաջին անգամ ցուցադրել է Անկարայի ավիատիեզերական մասնագիտացված արդյունաբերական գոտում իրականացվող արտադրությունը, որտեղ «պողպատը վերածվում է Altay տանկերի»:
BMC-ի գործադիր տնօրեն Ֆուատ Թոսյալին հայտարարել է, որ Altay սերիական արտադրության մեկնարկը պատմական իրադարձություն է: «Մենք ուրախանում ենք մեր երկրի 100-ամյա երազանքի իրականացումից: Altay տանկի սերիական արտադրությունը սկսվել է: Շուտով մեծ արարողություն տեղի կունենա՝ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ»,- ասել է նա:
Ռեկորդային ժամանակում կառուցված գերժամանակակից գործարանը հագեցած է առաջադեմ տեխնոլոգիաներով և միավորում է BMC Defense-ը տանկերի արտադրության համար և BMC Power-ը՝ տեղական BATU էլեկտրակայանի մշակման և արտադրության համար:
Ձեռնարկությունն օգտագործում է թուրքական արտադրության արդյունաբերական ռոբոտներ և նորագույն տեխնոլոգիաներ: Արտադրությունը ներառում է ամբողջական ցիկլը՝ հիմնակմախքի արտադրությունից մինչև վերջնական հավաքումը։
Ըստ Թոսյալիի՝ անցյալ տարի փորձարկման համար փոխանցված տանկերը հաջողությամբ հաստատել են բոլոր հայտարարված բնութագրերը։
Հատուկ ուշադրություն է դարձվում BATU շարժիչի մշակմանը. այն պետք է անցնի առնվազն 10 հազար կմ ճանապարհային փորձարկումներ և մի շարք հուսալիության թեստեր։
«Մինչ այժմ ուժամեքենայի ծրագիրն ընթանում է ըստ ժամանակացույցի, լուրջ խնդիրներ չկան։ Բոլոր տարրերը, դրանց թվում՝ ՀՕՊ համակարգերը, փորձարկվում են տանկի հետ միասին։ Այս սարքը համատեղում է աշխարհի ամենաժամանակակից տեխնոլոգիաները»,- նշել է BMC-ի ղեկավարը։
Ըստ Թոսյալիի՝ նոր գործարանը կդառնա թուրքական ցամաքային պաշտպանության արդյունաբերության հիմքը։ Գործարանը ոչ միայն Altay տանկեր, այլև նոր 8×8 ALTUG մարտական մեքենաներ կարտադրի, որոնց համար արդեն ստացվել են պատվերներ։
«Դա սոսկ գործարան չէ. դա ազգային պատասխանատվություն է և ազգային ոգեշնչում»,- ընդգծել է նա։