
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրում ընթանում է ՀՅԴ անդամ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանի գործով դատական նիստը, քննվում է կալանքի երկարաձգման հարցը։
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշեց․ «Ակնհայտ շինծու, աբսուրդ գործ է, որը տեղավորվում է ՔՊ-ականների վարած քաղաքականության համատեքստում․ թիրախում ՀՅԴ-ն է»։
Պատգամավորն ընդգծեց, որ «ահաբեկչության գործով» մարդկանց հանիրավի անազատության մեջ են պահում։ «Աբսուրդը հասել է նրան, որ իշխանությունների հրահանգով 18-ամյա երիտասարդի վրա «կարվում է» «Սթրայքբոլի գործը», իբրև թե ահաբեկչություն է նախապատրաստվում․․․ ՔՊ-ականներն իրենց իրավունք են վերապահում մեղադրական վերդիկտներ հնչեցնել՝ դրանով իսկ ուղղորդելով իրավապահ մարմիններին։ Ակնհայտ քաղաքական գործ է կարվել։ Հայրենանվեր հայ երիտասարդի օրինակը ՔՊ-ականների համար ընդունելի չէ, իրենցը թրքահպատակությունն ու օտարամոլությունն է»։
Հիշեցնենք՝ «Սթրայքբոլի գործով» մեղադրյալ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը ամենաերիտասարդ քաղբանտարկյալն է։ Հուլիսի 11-ին դատարանի որոշմամբ նա կալանավորվել է 2 ամսով՝ սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաներ ունենալու, ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով։