«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» կամ երբ լռելը հանցագործության նշան է


«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «հոգևորականը քաղաքականությամբ չպիտի զբաղվի», «մտավորականը, ուսուցիչը, փաստաբանը, բժիշկը, գիտնականը, լրագրողը, դերասանը քաղաքականությամբ չպետք է զբաղվեն» և այլն: Սրանք արտահայտություններ են, որոնք կարելի է լսել միշտ` բոլոր իշխանությունների ժամանակ, այն մարդկանց կողմից, ովքեր թերևս ամաչում են բացահայտ աջակցել իշխանությանը, բայց, ինչպես ասում են, հոգով-սրտով աջակցում են:

Իսկ, ըստ այս տրամաբանության, ովքե՞ր պետք է զբաղվեն քաղաքականությամբ` միայն քաղաքագետնե՞րը: Վե՞րջ: Վերը թվարկվածները մարդիկ են, ովքեր ունեն այլ մասնագիտություն, քան ուղիղ քաղաքագիտությունն է, բայց ովքեր լավ-վատ ստացել են բարձրագույն կրթություն, ուսումնառելու տարիներին ու դրանից հետո շփվել են իրենցից ավելի խելացի, փորձառու մարդկանց հետ և շատ ավելի լայն աշխարհայացք ունեն: 

Եվ ընդհանրապես, ի՞նչ ենք հասկանում «քաղաքականությամբ զբաղվել» ասելով: Խոսքն ամենևին էլ կուսակցական դառնալու մասին չէ, ոչ էլ այստեղից-այնտեղից լսած-կարդացած մի քանի լուրով կարծիք կազմելու ու այլոց վզին ադ կարծիքը փաթաթելու մասին:  

Եթե մենք ապրեինք մի երկրում, ուր ուսյալ խավն իրավունք կունենար իրեն թույլ տալ «քաղաքականությամբ չզբաղվել», այսինքն` դա կլիներ մի երկիր, ուր հարևան երկրները բարեկամ կլինեին, անվտանգային հարցեր չէին լինի, տնտեսությունը ժամ-ժամ կզարգանար, ինչպես ասում են, կյանքը` հեշտ, ապրուստը` ձրի կլիներ, հիասքանչ կլիներ: Բայց մի երկրում, ուր հարևաններից մեկը դեռևս չի էլ ճանաչել ավելի քան 100 տարի առաջ իր գործած ոճիրը` Հայոց ցեղասպանությունը, մյուս երկրի սանձազերծած պատերազմի հետևանքով մի ամբողջ հայկական պետություն պարզապես չկա, 150 հազար մարդ զրկվել է իր տնից, հողից, իր ծնողի ու զավակի գերեզմանին սգալուց, շուրջ 5000 երիտասարդ էլ իր կյանքն է տվել այդ պատերազմում, «քաղաքականությամբ չզբաղվելը» ջայլամություն անել է: Եթե ոչ ավելի վատ բան: 

Լռությունը, եկեք անկեղծ լինենք, հանցակցություն է: Հատկապես, երբ դու տեսնում ես խնդիրը, բայց չես խոսում, որ, ասենք, աշխատանքդ ու աշխատավարձդ չկորցնես: Ընդ որում, խոսքը միայն իշխանությանը քննադատելու մասին չէ: Խոսել պետք է բոլորի խնդիրներից ու բոլոր խնդիրներից: 

Այո, Հայաստանում պետք է ամեն օր «զբաղվել քաղաքականությամբ», ասել է թե` կարդալ համակողմանի տեղեկատվություն, լսել անաչառ քաղաքագետների, չմնալ կա’մ իշխանական, կա’մ ընդդիմադիր պրոպագանդայի տակ, կարողանալ համադրել փաստերը, վերլուծել դրանք, գտնել ճշմարտությունը, և ամենակարևորը` չվախենալ քննադատելուց` ձեր առողջ մտքով և մաքուր խղճով: Չէ՞ որ հենց օբյեկտիվ քննադատությունն է առողջացնում պետությունը:

Եվ դա հատկապես պետք է անել, երբ դուք հոգևորական եք, բժիշկ, գիտնական կամ դերասան, այլ խոսքով` ձեզ համարում եք հասարակության էլիտան, թե չէ` տաքսիներում, վարսավիրանոցներում ու «բեսեդկաներում» մեծ քաղաքականությամբ զբաղվողների պակաս չկա: 

Աստղիկ Հովհաննիսյան

Leave a Comment