Ընդդիմությունը` ձեռքերը ծալած, հրաշքի է սպասում։ Ընդդիմադիր դաշտում, հավանաբար, մտածում են, որ ինչ-որ մեկն իրենց փոխարեն կհեռացնի Նիկոլին ու հետո, երբ ամեն ինչ խաղաղվի, հանգիստ կգան իշխանության։
Թերևս այսպես կարելի է բացատրել ընդդիմության շրջանում ներքին գզվռտոցն իրար նկատմամբ ու անտարբերությունը երկրի իրավիճակին։
Իրականում ընդդիմադիրները հասկանում են, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի իշխանությունը զավթած հրոսակախմբի կողմից՝ դավաճանություն է երկրի ու ժողովրդի նկատմամբ, հասկանում են, որ հայ ազգն այսպես չի կարող երկար գոյատևել, հասկանում են, որ երկիրը կորցնելուց 5 է պակաս, հասկանում են ու խոսում այդ մասին, բայց միայն այդքանը՝ զանգակի նման զնգզնգում են ու լռում։ Զրո գործողություն։
Երևի նրանք հույսը դրել են նախախնամության վրա ու սպասում են, թե երբ Փաշինյանն իր թիմով, ինքն իրեն, կհայտնվի քաղաքական աղբանոցում։
Բայց, ճակատագրի հեգնանքով, նա շարունակում է կառավարել։ Պարզ է,՞ չէ, որ իրավիճակն ընկալող ու հասկացող ընդդիմությունը հազիվ թե չհասկանա, որ կապիտուլյացիայի մեջ մեղադրվող Փաշինյանը չի հայտնվում քաղաքական աղբանոցում, քանի որ նրան այդ աղբանոց նետող չկա։
Ավելին՝ Փաշինյանն այսօր անխռով ու հանգիստ հայտարարում է, թե հենց ինքն է կառավարությունը, ու ոչ ոք չի կարող իրեն ընդդիմանալ։ Փաշինյանն իր հայտարարություններից մեկի ժամանակ նաև «մեծահոգաբար» առաջարկեց ու հնարավորություն տվեց ընդդիմությանը դուրս գալ իր դեմ, եթե դեմ են իր հայացքներին ու արարքներին, բայց նրա այս առաջարկին ընդդիմությունն անգամ իր շաբլոն դարձրած հայրենաշունչ «կենացներով» չարձագանքեց։
Չլսելու տվեցին, անցավ-գնաց։
Այլ կերպ ասած` հայ ազգն այսօր երկիրը տանուլ է տալիս դավաճան իշխանության ու նրան սատարող հանցակից ընդդիմության պատճառով։ Մարդիկ վաղուց արդեն ոչ ոքի չեն վստահում, որովհետև ընդդիմությունը մարդկանց մաշեց փողոցում։
Այսօր ընդդիմությունը թույլ է տալիս, որ իշխանությունը սպասարկի թշնամու շահերը։
Թող ընդդիմադիրներից ոչ ոք հետո չասի, թե ինքը գիտեր, ինքը ասում էր, ինքը կոչ էր անում, որ երկիրը կործանվում է, որ Նիկոլը դավաճան է։ Այդպես գիտի ու ասում է ամեն մի քաղաքացի։ Եթե ընդդիմությունը սահմանափակվում է միայն ֆեյսբուքյան գրառումներով, ապա ինչո՞վ է տարբերվում մյուսներից, ովքեր հույսով սպասում են ու հավատում, թե ընդդիմությունը մի օր վերջապես տեղից կշարժվի ու կտրուկ գործողությունների կդիմի։
Թեև, մյուս կողմից էլ կարելի է գնահատել ընդդիմության ակտիվությունը։ Նրանք բոլորն ակտիվ պայքարում են, բայց ոչ թե Նիկոլի ու նրա թիմի դեմ, այլ 2026 թվականի ընտրություններին հաղթելու համար։
Ու մինչ Փաշինյանին աղբանոց նետելու փոխարեն ընդդիմադիրներն իրար վրա են քարեր նետում ու վարկաբեկում մեկը մյուսին՝ հանրության ուշադրությունը շեղելով օրակարգային սպառնալիքներից, Փաշինյանը հանգիստ ու անխռով թշնամի երկրի ղեկավար Ալիևի հետ ախպերություն է անում, փաստաթղթեր ստորագրում, սրճում ու հող նախապատրաստում՝ երկիրը վերջանականապես թշնամիներով բնակեցնելու համար։
Այս պարագայում հարց է առաջանում՝ ո՞վ է ավելի դավաճան, Նիկո՞լը, թե՞ նրա իշխանությունը պահող ընդդիմությունը։
Արմինե Մկրտումյան