Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը՝ ժամը 16:00-ին․ ՀՖՖ

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման բոլոր տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 16:00-ին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ 

Գերատեսչությունը նման որոշումը բացատրել է տոմսերի վերավաճառքը հնարավորինս կանխելու նպատակով:

«Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է միայն մեկ QR կոդ: ՀՖՖ-ն ևս մեկ անգամ հորդորում է սև շուկայից չգնել տոմս՝ հետագա բարդություններից խուսափելու համար»,- պարզաբանել է ֆեդերացիան:

Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունն զգուշացրել էր, որ մինչ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման օրը ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է։

Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ ժամը 20։00-ին։ Խաղին կմասնակցի նաև պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա 2015 թվականի հունիսին Երևանում հեթ-տրիկ էր ձևակերպել՝ ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի որակավորման փուլում 3։2 հաշվով հաղթանակ բերելով Պորտուգալիային։

Leave a Comment