Հայաստանի պատմության թանգարանի և Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի համագործակցությամբ Հայաստանի պատմության թանգարանում բացվել է բացառիկ մի ցուցահանդես, որը կրում է «Երեկ և այսօր, Ժակ դը Մորգանի հետքերով» խորագիրը։ Ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ Ֆրանսիայից Հայաստան են բերվել ֆրանսիացի անվանի հնագետ Ժակ դը Մորգանի (1857-1924 թթ․) կողմից Ախթալայում 19-րդ դ․ 80-ական թթ․ պեղված բրոնզեդարյան և երկաթեդարյան հինգ ուշագրավ ցուցանմուշներ, որոնք ներկայացված են դեռ 1990-ական թթ․ հայ-ֆրանսիական արշավախմբերի կողմից տարբեր հնավայրերում հայտնաբերված և ՀՀ թանգարաններում պահվող ավելի քան վեց տասնյակ հնագիտական առարկաների համադրությամբ։
Ախթալայի հյուսիսում իրականացված պեղումների ընթացքում Ժակ դը Մորգանը հետազոտել է 118 դամբան, որոնցում հայտնաբերվել են բազմաթիվ կավամաններ, ապարանջաններ, ուլունքներ, շքասեղներ, զենքեր, գոտիներ և այլն։ Ախթալայի դամբարանների նյութերի մեջ գտնվել են նաև սննդի մնացորդներ պարունակող կավամաններ։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 11-ը։