Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ռաուլը համարվում է «Բայերի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներից մեկը։ Լրագրող Նիկոլո Սկիրայի փոխանցմամբ՝ Ռաուլ Գոնսալես Բլանկոյի թեկնածությունն առաջարկվել է «Բայերին»՝ որպես նոր գլխավոր մարզիչ։
Ռաուլը, ով Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» նախկին ավագն է, 2019-ից 2025 թվականներին գլխավորել է Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմը։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա երկու տարի անցկացրել է Գերմանիայում՝ խաղալով «Շալկեի» կազմում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բայերը» կարող են գլխավորել նաև Խավին, Դորտմունդի «Բորուսիայի» նախկին մարզիչ Էդին Թերզիչը և «Լայպցիգում» աշխատած Մարկո Ռոզեն։
Երկուշաբթի օրը «Բայերը» հայտարարել է Էրիկ տեն Հագի՝ գլխավոր մարզչի պաշտոնից ազատման մասին։ Նրա գլխավորությամբ թիմը Գերմանիայի առաջնության մեկնարկային երկու տուրերում վաստակել է ընդամենը մեկ միավոր։