
Դիլիջանում իր դռները բացեց Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցը, որը մասնագիտացած է հյուրընկալության կառավարման, սննդի, գինու և առողջ ապրելակերպի ոլորտներում։ Վերջինս Իտալիայի համանուն կրթական հաստատության հայաստանյան ներկայացուցչությունն է։ Դպրոցը կարևոր միջազգային հյուրընկալության կրթօջախ է տարածաշրջանում՝ ուղղված գաստրոնոմիայի, հյուրընկալության և առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը։ Դասընթացները կիրականացվեն իտալացի փորձագետների կողմից՝ համադրելով միջազգային փորձը և հայկական առանձնահատկությունները։
Apicius Florence-ն ակադեմիական և մասնագիտական կրթության ոլորտում ճանաչված և հեղինակավոր հաստատություններից մեկն է՝ Իտալիայի առաջին միջազգային հյուրընկալության դպրոցներից։ Դպրոցը հիմնադրվել է 1997 թվականին Ֆլորենցիայում՝ նպատակ ունենալով համախմբել հյուրընկալության և գաստրոնոմիայի ոլորտների լավագույն եվրոպական փորձը։ Apicius International School of Hospitality-ն հանդիսանում է Ֆլորենցիայի Արվեստների համալսարանի և Ամերիկյան Ֆլորենցիայի hամալսարանի մասնագիտական դպրոցներից մեկը, առաջարկում է վերապատրաստման, ակադեմիական և մասնագիտական կրթական ծրագրերի լայն տեսականի։ Դպրոցն առաջնահերթ է համարում հատկապես գործնական գիտելիքների փոխանցումը։ Ամեն տարի այն ընդունում է շուրջ 2500 ուսանող աշխարհի տարբեր երկրներից, որոնցից 600-ը մասնակցում են ամբողջական ակադեմիական կրթական ծրագրերին։
Նախագծի հիմնական նպատակը տարածաշրջանային մակարդակով հյուրընկալության կրթության բարձր որակի ապահովումն է՝ հիմնված կիրառական ուսուցման վրա։ Ուսանողներն իրենց առաջին իսկ օրերից կլուծեն իրական ոլորտային խնդիրներ, կստանան գործնական գիտելիքներ և կարողություններ, որոնք անհրաժեշտ են հաջողակ միջազգային կարիերայի համար։
Apicius Armenia-ն միտված է դառնալու առաջատար կրթական կենտրոն՝ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում՝ խթանելով նորարարությունը, կայուն զարգացումը և միջազգային զբոսաշրջության ոլորտում հայկական ներկայության ընդլայնումը։ Նախագիծը նախատեսում է համագործակցել բիզնեսների, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ՝ ձևավորելով ամուր և կայուն կրթական էկոհամակարգ։
Apicius Armenia-ն կոչված է նոր էջ բացելու հյուրընկալության և խոհարարական կրթության ոլորտում՝ ստեղծելով տարածաշրջանում եզակի կրթական հարթակ, որտեղ համադրվում են եվրոպական ստանդարտները, տեղական մշակութային առանձնահատկությունները և փորձառական ուսուցման լավագույն մեթոդները։ Դիլիջանում ստեղծվող այս կենտրոնը ոչ միայն կզարգացնի զբոսաշրջային ոլորտը, այլև կնպաստի տնտեսական աճին, համայնքային ներգրավվածությանը և հայկական գաստրոնոմիկ ժառանգության վերարժևորմանը՝ Հայաստանը վերածելով հյուրընկալության նոր չափանիշ սահմանող միջազգային կենտրոնի։ Նախագծի աջակիցներից է նաև Հհ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը:
«Ակադեմիական ծրագրերը երկուսն են՝ Հյուրընկալության կառավարում ու Սննդի և գինու ուսումնասիրություններ։ Դրանք տևում են երկու տարի։ Ունենք նաև տարատեսակ մասնագիտական ծրագրեր և սիրողական դասընթացներ։ Ակադեմիական ծրագրերի դեպքում Դիլիջանում առաջին կուրսից սկսվում է ճկուն ուսումնական ուղի, որը կարող է շարունակվել Ֆլորենցիայում երկրորդ կուրսից։ Հնարավոր է ընտրել երկու տարբերակներից մեկը՝ ավարտել երկրորդ կուրսը Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, կամ մնալ Հայաստանում՝ ամբողջ ծրագրի ընթացքում։ Երկու տարբերակների դեպքում էլ տրվում է միջազգային մակարդակով շնորհվող մասնագետի վկայական։ Բացի այդ, մենք կրթաթոշակային լայն հնարավորություններ ենք ընձեռել մարզաբնակների համար»,- իր խոսքում նշել է Apicius Armenia նախագծի ղեկավար Կատյա Բրեդիխինան։
Ֆլորենցիայի Apicius International School of Hospitality-ի գործադիր շեֆ-խոհարար և գլխավոր մենեջեր Անդրեա Տրապպանին իր խոսքում ընդգծեց՝ ոլորտում աշխատում է ավելի քան 25 տարի։ Եվ համոզված է՝ նման դպրոցներն աշխարհին գիտելիքները փոխանցելու հիանալի հնարավորություն են տալիս։ « Այստեղ կրթությունը համապատասխանում է բոլոր միջազգային չափորորշիչներին։ Խոհանոցն, առհասարակ, բարդ, բայց հետաքրքիր աշխարհ է։ Վստահ եմ՝ կլինեն խոչընդոտներ, բայց պետք է գնալ նախանշված ճանապարհով։ Չէ՞ որ աշխարհում այս ոլորտն ամենապահանջվածներից է»,- նշել է Անդրեա Տրապպանին։