
Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնը (ACSES) սկսում է նոր շարք՝ Ռեգիոնոմիքս (Region + Economics), որի շրջանակներում ներկայացվելու են ինֆոգրաֆիկաներ և հոդվածներ Հայաստանի և սահմանակից երկրների տնտեսությունների վերաբերյալ։
«Մենք մեր հարևանների մասին, մանավանդ տնտեսության կոնտեքստում, շատ բան չգիտենք։ Այդ չիմացության պատճառով կամ գերագնահատում կամ թերագնահատում ենք նրանց ու մեր քայլերն էլ համապատասխան ձևավորում»,- նշում է Ֆանյանը՝ ներկայացնելով նախագիծը, որի խնդիրն է պարբերաբար տնտեսական տեղեկատվության տրամադրել Հայաստանին սահմանակից երկրների վերաբերյալ։
Առաջին հրապարակումը վերաբերում է 1 շնչի հաշվով պետական բյուջեի եկամուտներին և ծախսերին։
Պետական ծախսերը և եկամուտները Հայաստանում և սահմանակից երկրներում
- 2024թ-ին տարածաշրջանում 1 շնչի հաշվով պետբյուջեի ամենամեծ եկամուտները և ծախսերը արձանագրվել են Թուրքիայում, համապատասխանաբար՝ 3,085 դոլար և 3,841 դոլար։
- Հայաստանը դիտարկված երկրների շրջանում ծախսերով և եկամուտներով երրորդն է։
- Պետբյուջեի ամենափոքր պակասուրդը արձանագրվել է Վրաստանում և Ադրբեջանում, համապատասխանաբար՝ 70 միլիոն և 325 միլիոն դոլար, կամ ՀՆԱ 0.2% և 0.4%։
- Տարածաշրջանի երկրներից պետբյուջեի ամենամեծ պակասուրդը Թուրքիայում է՝ 64 միլիարդ դոլար կամ ՀՆԱ շուրջ 5%-ը։ 2024 թ-ին Իրանում և Հայաստանում պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ շուրջ 4% էր։
Ցուցանիշների համադրելիությունը ապահովելու նպատակով` Իրանի դեպքում օգտագործվել է 2024-2025 հարկաբյուջետային տարվա կենտրոնական կառավարության բյուջեի ծախսերը և եկամուտները (central government budget), այնինչ Իրանի ընդհանուր բյուջեն (general government budget) ներառում է այլ տարրեր ևս և գերազանցում է կառավարության բյուջեն։
