Իրանը դեմ է Կովկասի տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությանը․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Իրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ստորագրված խաղաղության համաձայնագրին, բայց միևնույն ժամանակ դեմ է Կովկասի տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը, հայտնում է IRNA գործակալությունը։

Նա այդ մասին ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրին՝ որպես խաղաղության և կայունության ամրապնդման միջոց։ Միևնույն ժամանակ, մենք դեմ ենք Կովկասի տարածաշրջանում արտաքին ուժերի ցանկացած ներկայությանը», – նշել է նա։

Նշվում է, որ Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են նաև մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ Սիրիան, Գազան, Իրաքը, Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաև Թեհրան-Անկարա հարաբերությունները։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։

Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։

Օգոստոսի 29-ին Իրանի խորհրդարանում հրապարակվել էր ավելի քան 150 պատգամավորի կողմից համատեղ հայտարարություն Հարավային Կովկասի տարածաշրջանի ռազմավարական նշանակության և Իրանի հյուսիսարևմտյան սահմաններում ռիսկային նախագծերի դեմ հանդես գալու վերաբերյալ, որտեղ անհամաձայնություն էին հայտնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման գաղափարին և տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխության։

Leave a Comment