«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն ու Visa-ն ստորագրեցին ռազմավարական համագործակցության հուշագիր

Սեպտեմբերի 1-ին ստորագրվեց ռազմավարական համագործակցության հուշագիր «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ի միջև։ Այս կարևոր նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել Հայաստանի երիտասարդ տաղանդների կրթությանը և զարգացմանը՝ միավորելով երաժշտությունը, կրթությունն ու նորարարական տեխնոլոգիաները։

Հուշագրիրը ստորագրեցին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՅՈւՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և Կովկասում եւ Մոլդովայում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:

Կողմերը մտադիր են համագործակցել՝ «Երաժշտություն ապագայի համար՝ Visa-ի հետ» ընդհանուր տեսլականի ներքո, որի շրջանակներում նախատեսվում է մի շարք նախաձեռնությունների իրականացում, որոնց նպատակն է մշակութային և կրթական ծրագրերի համատեղ առաջխաղացումը, երիտասարդ երաժիշտներին աջակցող նոր նախագծերի մշակումն ու կրթության հասանելիության ընդլայնումը։ Կողմերը նաև կկազմակերպեն համատեղ միջոցառումներ, համերգներ և դրամահավաք նախաձեռնություններ՝ ընդգծելով երաժշտության և նորարարական տեխնոլոգիաների փոխկապակցված ազդեցությունը։

Մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Սմբատյանը նշեց․«Այսօր մենք ամրագրեցինք մի նոր ուղի, որտեղ համախմբվում են երաժշտությունը և նորարարությունը, մշակույթն ու բիզնեսը։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը արդեն հինգ տարի բացում է հորիզոններ տաղանդավոր երեխաների համար։ Միջազգային ժյուրիի կողմից ընտրված լավագույն պատանիները դառնում են կրթական և զարգացնող ծրագրի մասնակից։ Այսօր Visa-ի հետ մեր համագործակցությունը դառնում է բացառիկ օրինակ, թե ինչպես է համաշխարհային բրենդը միանում հայկական մշակույթի առաքելությանը։ Visa-ն փոխում է մարդկանց կյանքերը տեխնոլոգիաների միջոցով, իսկ մենք՝ ճակատագրեր՝ երաժշտության միջոցով։ Միասին մենք ապացուցում ենք, որ նորարարությունն ու մշակույթը կարող են քայլել նույն ճանապարհով՝ հանուն ապագայի։ Այս հուշագիրը մեր տաղանդների թևերն է՝ որպեսզի իրենք թռչեն, հաղթահարեն սահմանները և հնչեցնեն Հայաստանի անունը աշխարհի բեմերում։»

Դիանա Կիգուրաձեն ընդգծեց․ «Visa-ում մեր առաքելությունն է` ընձեռել  մարդկանց հնարավորություններ եւ հզորացնել հաջորդ սերունդը։ Ահա թե ինչու  մենք մշտապես ներդրումներ ենք կատարում հասարակական նշանակություն ունեցող նախաձեռնություններում, որոնք ստեղծում են կայուն արժեք։ Երաժշտությունն, ինչպես նաեւ նորարարությունները, ունի ոգեշնչելու, միավորելու եւ նոր դռներ բացելու ուժ։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ համագործակցելու շրջանակներում մենք հպարտ ենք աջակցել երիտասարդ հայ տաղանդներին՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ ռեսուրսներ, տեսանելիություն եւ վստահություն՝ իրենց արվեստը զարգացնելու եւ աշխարին ներկայացնելու համար։ Միասին մենք ներդրում ենք կատարում նրանց ապագայի մեջ եւ ցույց ենք տալիս, որ Հայաստանի երիտասարդությունը կարող է հպարտորեն ներկայանալ համաշխարհային բեմերում։»

Միջոցառման ընթացքում հիմնադրամի սաները հանդես եկան երաժշտական կատարումներով՝ ներկայացնելով իրենց տաղանդն ու հաջողությունները, որոնք արդեն իսկ արժանացել են միջազգային ճանաչման։

Այս գործընկերությունը կարևոր կետ է, որտեղից սկսվում է մի ճանապարհ՝ դեպի այն ապագան, որտեղ հայ պատանի տաղանդները կունենան ավելի լայն հնարավորություններ՝ կրթվելու, իրենց արվեստը ներկայացնելու և կերտելու հաջողակ և արժանապատիվ ապագա։

Leave a Comment