Հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել սանիտարահիգիենիկ պայմանների կոպիտ խախտումների պատճառով (ՖՈՏՈ)

Սահմանվել է ժամկետ՝ բացահայտված անհամապատասխանությունները վերացնելու համար․ ՖՈՏՈ


ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աշոտ Հակոբյանին պատկանող (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան) հացի արտադրամասում, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ 


Ստուգումների արդյունքում պարզվել է, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների կոպիտ խախտումներով։ 


Հատկապես արձանագրվել են հետևյալ խախտումները՝


• արտադրական շինությունների պատերի, առաստաղների, հատակի, պատուհանների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,


• բնական և մեխանիկական օդափության սարքերի քանակը կամ հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ չեն տվել խուսափել սննդամթերքի աղտոտումից,


• սահմանված չի եղել արտադրության ընթացքում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների, գույքի մաքրման, լվացման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,


• սարքավորումները, գործիքները, պարագաները չեն պահվել նորոգ վիճակում,


• ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։ 


Հաշվի առնելով վերը նշված խախտումները՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ 


Սահմանվել է ժամկետ՝ բացահայտված անհամապատասխանությունները վերացնելու համար:




Leave a Comment