Կա ռիսկ, որ Հայաստանի տարածքը 99 տարով կհանձնվի երրորդ կողմին. Արթուր Խաչատրյան

Եթե դու մի անկողնուց դուրս ես գալիս, քեզ գցում ես ուրիշ անկողին, հետո երրորդ անկողին, հետո չորրորդ անկողին, վերջին հանգրվանը պարզ է, չէ՞, որտեղ է լինում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է լավ հարաբերություններ ունենալ աշխարհի բոլոր երկրների հետ, քանի որ հիմա էլ Պակիստանի հետ հարաբերություններ սկսելու մեկնարկ է տրվել, կարծես:

«Բազմաթիվ օրինակներ կան համաշխարհային պատմությունից, երբ դու փորձել ես միաժամանակ նստել 12 աթոռի վրա, հետո այդ 12 աթոռները միաժամանակ այն կողմ են գնացել, և դու հայտնվել ես գետնին: Պետք է սկզբունքային լինել: Մենք հայտնվել ենք մի վիճակում, որ իրոք չունենք որևէ բարեկամ պետություն, որը պատրաստ լինի և ասի՝ ձեր կողքը կանգնած ենք: Սա այս ոչ սկզբունքային քաղաքականության ուղղակի հետևանքն է»,- ասաց նա:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալուն՝ նա ասաց, որ իշխանությունները փորձում են եվրոպացիներին ցույց տալ, որ երկրի ընթացքը դեպի Եվրամիություն «անկասելի է»: Սակայն, պատգամավորի խոսքով, «ծիծաղաշատ օրենք» ընդունելուց հետո ոչ մի իրական քայլ չի արվել այդ ուղղությամբ։

Խաչատրյանը նաև մտահոգություն հայտնեց ենթակառուցվածքային ծրագրերի հնարավոր վտանգների շուրջ։ Նա նշեց, որ հրապարակված փաստաթղթերում բաց է թողնված մի շարք հարցեր, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը կարող է երրորդ կողմին երկարաժամկետ վարձակալության հանձնվել:

«Ես ողջամիտ կասկած և մտահոգություն ունեմ, որ ենթակառուցվածքները կառուցելուց հետո 99 տարով Հայաստանի ինքնիշխան տարածքը երրորդ կողմին վարձակալության հանձնելու հարցը կրկին կդառնա օրակարգային։ Սա կարող է լուրջ անվտանգային և տարածաշրջանային ապակայունացման ռիսկեր առաջացնել»,- ասաց նա։

Leave a Comment