ԵԱՀԿ նախարարների խորհուրդը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա որոշում է կայացրել փակել Արցախյան հարցի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի հետ կապված բոլոր ինստիտուտները, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Նշվում է, որ ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը լուծել այդ կառույցների լուծարման հետ կապված կազմակերպչական և տեխնիկական բոլոր հարցերը։
Ըստ ադրբեջանական կողմի՝ ԵԱՀԿ նախարարների խորհուրդը հայտարարել է, որ «ԵԱՀԿ շրջանակներում նախկինում ընդունված բոլոր որոշումները, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական նախկին հակամարտությանը, կորցնում են ուժը և ենթակա չեն կիրառման»։
Փակման են ենթակա, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի՝ հակամարտության գծով անձնական ներկայացուցչի ինստիտուտը, ինչպես նաեւ բարձր մակարդակի պլանավորման խմբերը, հավելել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Մինսկի խմբին ուղղված դիմումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ստորագրել էին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում և օգոստոսի 11-ին ուղարկել կազմակերպությանը։
ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին՝ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու համար։ Մինսկի խմբի համանախագահներն էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Կազմում էին նաև Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան։ Փաստացի, խմբի աշխատանքը սառեցվել է 2022 թվականին ։
