Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացումը կկայանա սեպտեմբերի 19-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Այս մասին հայտնել է համերգասրահի մամուլի ծառայությունը:
Միջոցառումը կկայանա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի տոնակատարության շրջանակներում:
Երեկոյի մենակատարը կլինի հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, որը կկատարի Յան Սիբելիուսի ջութակի կոնցերտը: Նվագախումբը կղեկավարի մաեստրո Պիետերի Ինկինենը (Ֆինլանդիա):
Համերգային ծրագրում ներառված են Սիբելիուսի «Ֆինլանդիա» սիմֆոնիկ պոեմը և Ջութակի կոնցերտը, ինչպես նաև Գուստավ Մալերի 1-ին սիմֆոնիան:
Տոմսերի արժեքը 5000-ից մինչև 20000 դրամ է:
XVII միջազգային երաժշտական փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 2-ը Երևանում: Մեկուկես ամիս շարունակ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի բեմում ելույթ կունենան տարբեր երկրներից ժամանած առաջատար մենակատարներ և դիրիժորներ։
