Քանիցս ենք գրել, որ օգոստոսի
8-ին Սպիտակ տանը ձեռք բերված համաձայնությունները ընդդիմության կապիտուլյացիայի մասին
էին։ Այդ համաձայնություններից հետո ընդդիմությունը հայտնվել է կողոպտվածի կարգավիճակում,
որի ոչ միայն գրպաններն են դատարկել, խլել ձեռքի ժամացույցն ու ոսկե մատանին, այլև
հագի հագուստը՝ մինչև իսկ ներքնաշորեր։ Պատկերացրի՞ք այն անախորժ հոգեվիճակը, որը կարող
է համակել ենթադրյալ կողոպտյալին՝ ամոթ և անելանելիություն։ Ահա՝ ամոթի ու անելանելիության
մեջ է քաղաքականապես ու բարոյապես կողոպտված ընդդիմությունը, որի օրակարգը մինչև այս
խաղաղության համաձայնագիրն ու նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի՝ ալիևա-պուտինյան
վերծանմամբ կատարումն էր, այն է՝ «միջանցք»՝ դրանից բխող հետևանքներով։ Վաշինգտոնյան
համաձայնագրերը, դրանցում ՀՀ-ի համար գերկարևոր սկզբունքների ամրագրմամբ՝ տարածքային
ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն,
փոխադարձություն, զրկել են ընդդիմությանը օրակարգից, քանի որ սահմանների անխախտելիության
ու տարածքային ամբողջականության ֆիքսումը ի չիք են դարձնում միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհի, արահետի կամ կածանի
տրամադրումը՝ անկախ դրան տրվելիք անունից՝
Զանգեզուրի՞, թե՞ Զուրեզանգի, փոխադարձությունն ու իրավազորությունն էլ ենթադրում են, որ եթե Հայաստանի
տարածքով որևէ հաղորդուղի է տրամադրվում, ապա համարժեք ռեժիմով էլ Հայաստանին է տրվելու համաձայնագրի մյուս կողմի, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի տարածքով։
Ինչ վերաբերում է «ինքնիշխանություն» տերմինին, ապա դրա իմաստը, ենթադրում ենք, ընդդիմությունը հասկանում
է «օտ ի դո», քանի որ առնվազն վերջին երեք տարիներին ամենօրյա ռեժիմով առերեսվում է
դրա դրսևորումներին։
Արդ, ի՞նչ պետք է անի ընդդիմությունը,
երբ ՀՀ-ի, որպես պետություն, անկախությանն ու ինքնիշխանությանը վերաբերելի կարողություններին
օգոստոսի 8-ի համաձայնագրերով այլևս վտանգ չի սպառնում՝ պատերազմի կամ ռազմական ագրեսիայի
հավանականությունը զրոյացվել է, հարևան երկրի կողմից ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումներն ի չիք են դարձվել, ռազմական
գործողությունների հետևանքով զոհեր այլևս չեն
արձանագրվելու, զոհերի հարազատների էմոցիաները քաղաքական նպատակով շահարկելու պատուհանը
փակվելու է։ Կարճ ասած՝ այլևս ազդարարվել է ռազմահայրենասիրական «մուղամ քոքելով», ծնկներին տալով, չծնված Կիկոսի
մահը սգալով քաղաքականությամբ զբաղվելու, ընտրազանգվածի
փշրանքներ հավաքելու էպոխան։
Արդ, ի՞նչ պետք է անի «կողոպտյալը»՝ բացի «SOS», օգնության ճիչեր
ու անկանոն շարժումներ անելուց, անիծելով իր բախտն ու այն օրը, երբ… նստեց «այս անիծյալ
փոշեծծիչի ղեկին»։ Գործ ունենք ֆենոմենալ երևույթի
հետ՝ «մեկ գիշերվա մեջ» ընդդիմությունից «փոշեծծիչի շոֆեռների» վերածմանը։ Այս նոր կարգավիճակում
հայտնվածների միակ անելիքը մինչև գալիք ընտրություններ, հարկավ, պետք է լինի «գազ տալն»
ու քաղաքական դաշտի փոշին ու կեղտը կլլելը։ Այն քարոզչական փոշին, որն իրենք են արտադրել՝
այսքան ժամանակ մշուշելով իրենց ընտրազանգվածի
աչքերը, այն հիբրիդային կեղտը, որով չարանենգորեն կերակրել են իրենց հետևորդներին՝ տեսարաններ ապահովելով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ կառավարության նիստից հետո
լրագրողների հետ ճեպազրույցում հայտնած դիտարկումները (https://civic.am/news/99824) հենց այս՝ վերը հիշատակվածի
մասին էին։ Թե. «Օգոստոսի 8-ին խաղաղություն է հաստատվել, օգոստոսի 9-ին, 10-ին,
11-ին, 12-ին շոկի մեջ էին, 13-ից սկսել ա լայնածավալ հարձակումը խաղաղության դեմ,
ոնց անենք, որ տապալենք, ոնց անենք, որ նոր էսկալացիա լինի։ Դժբախտ է մեր ընդդիմությունը,
քանի որ սահմանին զինվոր չի զոհվում, հասկանո՞ւմ եք, և դրանից նրանք դժբախտ են։ Ոնց
կլինի, որ սահմանին զինվոր չի զոհվում, բա ոնց ապրենք, բա ում արունը խմենք, որ ապրենք։
Հիմա իմ պարտքն եմ համարում պաշտպանել հաստատված
խաղաղությունը, որի ձևը հնարավորինս շատ ՀՀ քաղաքացիների հետ հաղորդակցության մեջ լինելն
է։ Այդ խաղաղության հեղինակը ես չեմ, այլ ՀՀ քաղաքացիները, որոնք 2018-ից ամենօրյա
քարոզչական հարձակումների ներքո են…»։
Հ. Մանուկյան