Ավտորիտար ղեկավարին բնորոշ վարքագիծ է, թիմակիցները պիտի զգուշանան նրանից․ Մամիջանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

 «Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ»․ նման հայտարարություն է այսօր արել Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյոք Կառավարությունն ընդունել է Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումն, ըստ որի՝ Կառավարությունը պարտադրվում է կատարել միջազգային դատարանի որոշումը, այն է՝ վերադարձնել ՀԷՑ-ը սեփականատիրոջը։ Փաշինյանը Կառավարությունում գտնվող մարդկանց  հորդորել է դիմում գրել և հեռանալ, եթե չեն կիսում իր դիրքորոշումը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ABC media-ի հետ զրույցում Փաշինյանի այս հայտարարությունը որակել է «ավտորիտար ռեժիմի ղեկավարին բնորոշ» վարքագիծ։

«Սա ոչ միայն ՀԷՑ-ի տրամաբանության մեջ է, սա նաև առհասարակ իր վարած քաղաքականության բոլոր ոլորտներում, իր վարած տարածքային քաղաքականության մոտեցումն է։ Սա առաջինը վերաբերվում է թե՛ արդարադատությանը, թե՛ պետական կառավարմանը, թե՛ տեղական ինքնակառավարմանը, ամեն ինչին։ Ժողովրդավարությունն արդեն իրականությունից բացարձակ հեռու դիսկուրս է:  Փաշինյանը կառուցում է ավտորիտար ռեժիմ, դրանից պետք է զգուշանան, վախենան և՛ իր թիմակիցները, և՛ այն մարդիկ, որոնք իրենց պաշտոններում համաձայնում են ծառայել նրան և նրա ավտորիտար որոշումներին»,-ասել է պատգամավորը։

Մամիջանյանը շեշտել է, որ ցանկալի կլիներ տեսնել այն միջազգային կառույցների և երկրների արձագանքները, որոնք ավանդաբար հանդես են եկել ժողովրդավարական արժեքների պահպանման և պաշտպանության դիրքերից։

Leave a Comment