Իսրայելի վարչապետի ասածը կապ չունի ո՛չ Հայաստանի, ո՛չ հայ ժողովրդի շահերի հետ. Նիկոլ Փաշինյան

Ակնհայտ է, որ Նեթանյահուի հայտարարությունը որևէ կապ չունի ոչ Հայաստանի Հանրապետության ու ոչ ժողովրդի, ոչ հայ ժողովրդի շահերի հետ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Իսրայելի վարչապետը պաշտոնապես հայտարարել էր, որ Իսրայելը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։
«Եվ ընդհանրապես, մենք պետք է հասկանանք, մենք ուզո՞ւմ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր պետության շահերի և ժողովրդի շահերի հետ կապ չունի։ Մենք ուզո՞ւմ ենք, որ Հայոց  ցեղասպանությունը լինի հարցազրույցում պատահականության կամ շփոթմունքի արդյունքում արտահայտված ինչ–որ մի բան։ Ես չեմ ուզում, որ մենք մեր նահատակներին այսպիսի կարգավիճակի մեջ դնենք։ Մենք պետք է կենտրոնանանք մեր պետության շահերի վրա։
Այդքան երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Եկեք հիմա գույքագրենք, թե ՀՀ–ն ինչ է շահել դրանից, ի՞նչ ենք մենք ստացել դրանից»,- հայտարարեց Փաշինյանը։

Leave a Comment