
Եվրոեռյակը՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հայտնել են, որ հինգշաբթի կգործարկեն Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մեխանիզմը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Խոսքը վերաբերում է «վերականգնման» մեխանիզմին, որն ավտոմատ կերպով վերականգնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր պատժամիջոցները, որոնք վերացվել էին 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրի շրջանակներում։
Նախօրեին Իրանը և Եվրոեռյակի երկրները չկարողացան համաձայնության գալ Ժնևում կայացած բանակցություններից հետո Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերսկսումը կանխելու հարցում։
Եվրոեռյակը Թեհրանին սպառնացել էր նոր պատժամիջոցներ կիրառել՝ հունիսին Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածներից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը դադարեցնելու ֆոնին։
Ավելի վաղ Եվրոեռյակը հայտարարել էր, որ պատրաստ է երկարաձգել պատժամիջոցների կասեցումը, եթե Թեհրանը համաձայնի վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի և համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ մինչև սեպտեմբեր։ Հակառակ դեպքում սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի վերջին։