Օգոստոսի 28-ին կայացած կառավարության նիստում երկու ընկերություն ստացավ մաքսատուրքից ազատման արտոնություն՝ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով։
«ԱԼԵՔՍ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ն, որը գործում է Երևանում և հիմնադրվել է 2019 թվականին, մաքսատուրքից ազատվել է հագուստի արտադրության համար նախատեսված հումքի ներմուծման դեպքում։
Ընկերությունը ծրագրում է կատարել 337 մլն դրամի ներդրում, ինչի արդյունքում նախատեսվում է մինչև 2028 թվականը ստեղծել 10 նոր աշխատատեղ։ Այս պահին ընկերությունում աշխատում է 42 մարդ՝ միջինում ամսական 160 հազար դրամ վարձատրությամբ։
Նոր ներդրումներով աշխատատեղերի թիվը կհասնի 52-ի, իսկ միջին աշխատավարձը՝ շուրջ 200 հազար դրամի։ Ըստ գնահատականի՝ ընկերության ստացած արտոնությունը կազմում է մոտ 30 մլն դրամ։
Մեկ այլ որոշմամբ արտոնություն ստացավ նաև «ՕՐԻԳԻՆԱԼ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ-ն, որը գործում է Կոտայքի մարզում և հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը նախատեսում է իրականացնել 589․5 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար, ինչպես նաև 30 մլն դրամի ներդրում արտադրամասի ընդլայնման ու տեխնիկական վերազինման նպատակով
։ Այժմ ընկերությունում կա 24 աշխատատեղ՝ միջինում 109 հազար դրամ աշխատավարձով։ Ծրագրի արդյունքում մինչև 2028 թվականը աշխատատեղերի թիվը պետք է հասնի 40-ի, իսկ միջին վարձատրությունը՝ 200 հազար դրամի։
Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է մոտ 44․9 մլն դրամ։
