Երբ կալանավորը խնդրում է ոչ թե ազատություն, այլ՝ խցակից. ԶԱՐՄԱՆՔ


Զարմանք

«Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ, տպավորություն է, որ այնքան է տարվել իշխանության քայլերը գովերգելով, որ իրականությունից կտրվել է ու հասել, բուդդիստները կասեին, կատարյալ նիրվանայի: Վերջինս Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցին հարցազրույց է տվել եւ ընդգծել. «Պատերազմ չի լինի, «Մեծ Թուրանի» գաղափարը 100 տարով հետ ընկավ, Թուրքիայում սա իրենց դեմ են համարում»: Քիչ էր մնում ժողովուրդն էլ Արամ Զավենիչի հետ ցնծար այս լուրից, բայց քաղաքագետ Գագիկ Համբարյանը մեջբերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին ելույթներից մեկը եւ գրել. «Մինչ Նիկոլին սպասարկող Արամ անունով սույնը սուտ եւ կեղծ լուրեր է տարածում, թե բա՝ «Թուրանի ճանապարհի» գաղափարն, իբր, 100 տարով հետ ընկավ եւ Անկարան դժգոհ է այդ ամենից, Թուրքիայի բռնապետը իր գոհունակությունն է հայտնում այդ ծրագրից եւ նախանշում է անելիքներըԻ դեպ, սույն մանիպուլյանտ կեղծարարը բացարձակ չի անդրադառնում այն փաստին, որ հենց ԱՄՆ֊ն է Թուրքայի հետ համատեղ «Զանգեզուրի միջանցքի» քաղաքականության հեղինակը, որը Թրամփի վարչակազմը ժառանգեց Բայդենից եւ էլ ավելի ջանադրաբար այն կյանքի է կոչում »: Էխ, Զավենիչ, Զավենիչ…

ՌԴ Սվերդլովսկի մարզի ադրբեջանական սփյուռքի ղեկավար ՇԱՀԻՆ ՇԻԽԼԻՆՍԿԻՆ, ով այժմ գտնվում է Եկատերինբուրգի թիվ մեկ նախնական կալանքի մեկուսարանում, զարմանալի պահանջ է ներկայացրել. նա խնդրում է, որ իր մենախուցը դադարի մենախուց լինել։ Այս մասին հայտնել է URA.RU-ին հասարակական մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Վլադիմիր Պոպովը։ «Խուցը փոքր է՝ «հավի ոտքերով բնի» նման, եւ չնայած վերանորոգված է, Շիխլինսկու չափսերի մարդուն այնտեղ փակելը անմարդկային է։ Նա տարեց է, հիվանդ է ու պնդում է, որ անմեղ է։ Նրա խնդրանքն ամենատարօրինակն է՝ պարզապես ուզում է խցակից ունենալ, որ անհրաժեշտության դեպքում գոնե բժիշկ կանչեն», – շեշտել է Պոպովը։ Ասեք, որ դժվար է հիշել մեկ այլ երկրորդ դեպք, երբ կալանավորը խնդրել է ոչ թե ազատություն, այլ՝ խցակից։

Կանադայի վարչապետ ՄԱՐԿ ՔԱՐՆԻՆ էլ հայտնվել է սկանդալի կիզակետում, ավելի ճիշտ՝ հետույքային վիճակում: Վանկուվեր քաղաքում անցկացված ամենամյա միջոցառմանը, որի ժամանակ տոնվում է ԼԳԲՏՔ-ի իրավունքներն ու բազմազանությունը, եւ որին հաճախ մասնակցում են նաեւ պետական պաշտոնյաներ՝ ցույց տալով իրենց աջակցությունը համայնքին, այս տարի հատկանշվել է Կանադայի վարչապետի եւ գրեթե մերկ վարդագույն ստրինգով տղամարդու լուսանկարով՝ այն էլ գրկախառնված: Ոմանք անգամ սկսել էին կասկածի տակ դնել լուսանկարի իսկությունը՝ այն վերագրելով արհեստական բանականության հնարքներին։ Բայց վարկածը փլուզվեց՝ հեղինակավոր «Reuters»-ի եւ «Associated Press»-ի հրապարակած լրացուցիչ կադրերով, որոնք վավերացրել տեսարանի ամբողջ ընթացքը: Ի դեպ, Լիբերալ կուսակցության 60-ամյա առաջնորդը, որը նախկինում ղեկավարել է Անգլիայի բանկը, ոչ միայն ներկա է գտնվել վերոնշյալ խայտառակ միջոցառմանը, այլ նաեւ ամբիոնից հայտարարել է, թե ԼԳԲՏՔ+ միջոցառումը «բազմազանության տոնակատարություն» է եւ «Կանադայի էությունը»։ Այսքանից հետո՝ հարց է ծագում՝ ո՞ւր է գնում Կանադան, երբ երկրի վարչապետը՝ 60-ամյա բանկիրն ու նորաթուխ «բազմազանության միսիոները», այլեւս ոչ թե տնտեսության կամ արտաքին քաղաքականության հարցերով է զբաղվում, այլ հանրահռչակվում է վարդագույն ստրինգով տղամարդու հետ գրկախառնված լուսանկարով:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Leave a Comment