Դիտում ՝ 23 701
Նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս տարվանից հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ 12-րդ դասարանում կներդրվի գալիք տարվանից:

Նախարարի ներկայացմամբ՝ նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ կատարվել է նոր դասագրքերի ստեղծման մեծածավալ աշխատանք, որը մեկնարկել է 2023 թվականից: Երեք տարվա ընթացքում ստեղծվել է ավելի քան 220 նոր դասագիրք: Ասուլիսի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչներին ցուցադրվել են նոր ստեղծված բոլոր դասագրքերը:

«Դասագրքերը ոչ միայն ներկայացնում են գիտելիքի և փաստերի ամբողջություն, այլև մեթոդաբանական որոշակի հնարքների և շղթայի ամբողջություն են: Մասնավորապես, այս տարի առաջին դասարանում մենք աշխատելու ենք նոր չափորոշչով, ունենք նոր այբբենարաններ և նույնիսկ ուսուցման մեթոդներում առաջարկված են նորություններ: Շատ կարևոր եմ համարում, որ դասագրքերն էլեկտրոնային տարբերակով դեռևս մայիսին, հունիսին հասանելի են եղել, և ուսուցիչները ժամանակ են ունեցել ծանոթանալու, ընտրելու դասագրքերը»,- ասել է նախարարը:

Դասագրքերի բաշխումը հիմնականում ավարտված է

Նախարար Ժաննա Անդրեասյանի հավաստիացմամբ՝ դասագրքաստեղծման գործընթացը մշտապես պահվելու է ուշադրության կենտրոնում. «Մեծ ուշադրություն ենք դարձնելու նաև դասագրքերի կիրառման ընթացքում դպրոցներից ստացվող հետադարձ կապին և արձագանքին»:

Նախարարն անդրադարձել է նաև բացակայող գրքերին` նշելով, որ ստեղծված 159 անուն նոր դասագրքերը ծածկում են դպրոցական կրթության կարևորագույն առարկաները: Որոշ առարկաների, մասնավորապես՝ ավագ դասարաններում «Հայաստանի պատմության», դասավանդումը մինչև նոր դասագրքերի ստեղծումը կիրականացվի ուսումնական թղթապանակներով:

«Դպրոցներն արդեն ստացել են ուսումնական նյութերը, որոնք կտրամադրվեն ուսուցիչներին և սովորողներին: Իհարկե, զուգահեռաբար նաև 10-րդ և 11-րդ դասարանի «Հայաստանի պատմության» դասագրքերի մրցույթները հայտարարված են, ու ես վստահ եմ, որ կունենանք առաջարկներ, որոնք արդեն կկարողանան նաև որպես հիմնական ուսումնական նյութ կիրառվել դպրոցներում»,- նշել է նախարարը:

Սեպտեմբերի 1-ին 20 նոր դպրոց կբացվի

Ասուլիսի ընթացքում նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին և նշել, որ իրականացվող ծավալուն աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու համար աշխատում է շատ մեծ թիմ՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ: