Արմինֆո. Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, փորձում են իրենց PR անել ընկերության սեփականատեր, կալանավորված Սամվել Կարապետյանի միջոցների հաշվին: Այդ մասին օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի նախկին պաշտոնակատար, վաճառքի դեպարտամենտի տնօրեն Դավիթ Ղազինյանը ՝ մեկնաբանելով ընկերության ղեկավար կազմի պարգեւատրման ֆոնդի հաշվին աշխատակիցներին լրացուցիչ պարգեւավճարներ վճարելու Պետրոսյանի որոշումը։
Ավելի վաղ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել էր, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունը և մասնաճյուղերի տնօրենները չեն ստացել հուլիս ամսվա պարգևավճարները, ինչի արդյունքում ընկերության աշխատանքի վարձատրության հիմնադրամում առաջացել է մոտ 20 միլիոն դրամի լրացուցիչ խնայողություն: «Այդ միջոցները ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի առանձին կարգադրությամբ որպես լրացուցիչ պարգեւավճարներ համամասնորեն կբաշխվեն ՀԷՑ-ի շուրջ 1000 աշխատակիցների միջեւ, որոնց հուլիս ամսվա վարձատրությունը (աշխատավարձ + պարգեւավճար) չի գերազանցել 200 հազար դրամը (ներառյալ հարկերը): Արդյունքում՝ նրանց վարձատրությունն այս ամսվա համար կավելանա ևս 10-15% – ով։ Այս խմբում ընդգրկված են հարյուրավոր հսկիչներ, տեխնիկներ, հավաքողներ, փականագործներ, բանվորներ, վարորդներ և այլ մասնագետներ, ընդհանուր առմամբ՝ 947 մարդ», – գրել էր նա։
«Սակագնի ձևավորման ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ներառում է աշխատանքի վարձատրության ֆոնդը՝ հստակ սահմանված, կոնկրետ թիվ: 2015 թվականից առ այսօր ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ի համար հանձնաժողովի սահմանած աշխատավարձային ֆոնդից 11.6 մլրդ դրամով ավելի գումար է հատկացրել: Այսինքն ՝ ամսական մոտ 150 մլն դրամով ավելի”, – այսօր հայտարարել է Ղազինյանը։
Հակառակ դեպքում, ինչպես պարզաբանել է նա, ղեկավարվելով ՀԾԿՀ – ի սահմանած աշխատավարձի ֆոնդով, ստիպված էին կրճատել աշխատակիցներին կամ աշխատավարձը տարեկան մոտ 1,5-1,8 մլրդ դրամով։
«Ենթադրենք, որ ընկերության սեփականատերը դեռ ամսական վճարում է այդ 150 մլն դրամը, իրենք այդ գումարը կրճատել են 20 մլն դրամով և փորձում են դա ներկայացնել որպես բարեգործության ակտ: Այդ դեպքում ավելի բարոյական չէր լինի այս ամենն անելուց առաջ հայտարարել, որ դրանք սեփականատիրոջ միջոցներն են, այլ ոչ թե աշխատավարձի ֆոնդի գումարները», – ընդգծել է նա։
«Սեփականատերն ունի և ունեցել է, ունի և ունենալու է անօտարելի իրավունք՝ այլևս սեփական միջոցներ չտրամադրելու, այսինքն՝ որոշելու. այլևս չեմ ուզում ամսական 150 միլիոն տալ, բավարարվեք սահմանված աշխատավարձի ֆոնդով: Սամվել Կարապետյանը, իմ կարծիքով, դրան չի գնում մի քանի պատճառով. նախ՝ որպես «պետական գործիչ», նա չի պատժում ոչ ղեկավարին, ոչ վերադասին, ոչ հանձնաժողովին, երկրորդ ՝ սեփական գրպանից հատկացվող գումարի նվազեցման դեպքում միանշանակ պետք է կրճատումներ արվեն, պետք է աշխատանքից հեռացվեն աշխատակիցները։ Իսկ աշխատակիցները կկրճատվեն պրոֆեսիոնալ թիմից, այլ ոչ թե նրա բերած թիմից։ Երրորդ՝ այդ դեպքում ՀԷՑ – ը գնալու է լիակատար կործանման”, – ասել է Դավիթ Ղազինյանը։
Ընդ որում, նա նշել է, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն արդեն հասցրել է աշխատանքից ազատել ընկերության մոտ 45-50 աշխատակցի ։ Քիչ չեն նաև մարդիկ, ովքեր ազատման դիմում են գրել՝ նման քայլի դիմելով ճնշման տակ կամ խնդիրներից խուսափելու համար։
«Կարող է թվալ, որ 6800 աշխատակիցներից 45-50-ը շատ չեն, սակայն խոսքը, հիմնականում, ընկերության ղեկավար կազմի մասին է: Չգիտեմ, թե իրենց կառավարությունում նշանակումներն ինչպես են կատարվում՝ կուսակցական պատկանելությամբ, թե՝ ծանոթով, բայց մեզ մոտ նման բան չի եղել։ Ղեկավարներն ունեցել են հստակ գործառույթներ, որոնք չկատարելու դեպքում պաշտոնատար անձինք, պարզապես, չէին կարող աշխատել”, – նշել է Ղազինյանը։
Նրա կարծիքով, նման գործողություններով կառավարությունը, պարզապես, գլխատում է ՀԷՑ-ը, որպեսզի ձերբազատվի այն մարդկանցից, ովքեր չեն կիսում իր քաղաքական հայացքները:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ ՝ “Էլցանցերի” նկատմամբ վարչական վարույթի և կանխարգելիչ միջոցառումների կիրառման շրջանակներում: Պետրոսյանի նշանակումը տեղի է ունեցել “Տաշիր” ընկերությունների խմբին պատկանող “Հայաստանի էլեկտրական ցանցերի” հնարավոր պետականացման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ֆոնին: Հուլիսի 21-ին “Հայաստանի էլեկտրական ցանցեր” (ՀԷՑ) ընկերության վաճառքի գծով տնօրեն և ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հուլիսի 22-ին “Տաշիր” ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը (կալանավորվել է Հայ Առաքելական Եկեղեցուն հրապարակային աջակցություն հայտնելուց հետո) եւ նրա ընտանիքը շահել են ՀԷՑ-ի պետականացման գործով Հայաստանի կառավարության դեմ արբիտրաժային վեճը: