«Թեք տեղ» հետազոտական թատրոնը գործում է մոտ 13 տարի։ Ինչպես նշում է թատրոնի հիմնադիր, բեմադրիչ և դերասան Նանոր Պետրոսյանը, «Մենք մի խումբ մարդիկ ենք, ովքեր զրույցի են բռնվել «թատրոն» հասկացության հետ»։ Նա ասում է, որ չկա որևէ հաստատուն սահմանում, որ թատրոնն այս է և այսպիսին պետք է լինի»։
Տարիների ընթացքում թատրոնը զգալի փոփոխություններ է կրել։ Ամենամեծ փոփոխությունը, ըստ Նանոր Պետրոսյանի, այն է, որ թատրոնն այլևս միայն ներկայացումներով չի սահմանափակվում։ Գծագրվել են հստակ ուղղություններ՝ հետազոտական գործունեություն, հրատարակում են թատրոնի մասին գրքեր, կազմակերպում ցուցահանդեսներ, բանախոսություններ և աշխատանոցներ, փորձում են դառնալ ռեպերտուարային թատրոն՝ կանոնավոր ներկայացումներով։
Բեմադրում են հայ արգելված կամ չհրատարակված հեղինակների, ինչպես նաև ժամանակակից հայ և ոչ այնքան հայտնի արտասահմանյան դրամատուրգների ստեղծագործություններ։ Նանոր Պետրոսյանը կարծում է, որ արվեստը պետք է լինի հետազոտական ու կոնցեպտուալ, ոչ թե պարզապես առկա ավանդույթների վերարտադրություն։ Վերջինս նա անվանում է «մշակութային թատրոն», որը չի կարող մրցել «արվեստային թատրոնի» հետ։
«Թեք տեղ»-ը գործում է հենց արվեստային, հետազոտական տիրույթում։ Թատրոնի հիմնական փիլիսոփայությունը հանդիսատեսին հիացնելը չէ։ Ըստ Նանոր Պետրոսյանի, եթե ներկայացումը հարմարավետ զգացողություններ է փոխանցում, նշանակում է՝ այն պատմում է մի բան, որը դիտողն արդեն գիտի։ Իսկ արվեստը պետք է անհարմար, նույնիսկ նյարդայնացնող լինի, որպեսզի հանդիսատեսին դրդի մտածելու։
«Թեք տեղ» թատրոնի առաջիկա պրեմիերան Նարե Գրիգորյանի էսսեի հիման վրա Զաբել Եսայանի բանտային կյանքի մասին պատմող ներկայացումն է, որը կկայանա սեպտեմբերի 20-ին, ՆՓԱԿ-ում։