Պայուսակում պետք է լինեն տետրեր, օրագիր, գրչատուփ, գրիչներ, մատիտներ, ռետիններ, նկարչական ալբոմ և այլ գրենական պարագաներ: Կրտսեր և միջին դասարանների երեխաներին անհրաժեշտ են նաև առարկայական հատուկ տետրեր։ Այս ամենի համար միջինում անհրաժեշտ է 16.000 դրամ։
Գոնե սեպտեմբերի 1–ին աշակերտները հագնում են սպիտակ վերնաշապիկ, սև կամ կապույտ տաբատ կամ կիսաշրջազգեստ, հիմնականում` նոր։ Սպիտակ վերնաշապիկ Երևանի տոնավաճառներից կարելի է ձեռք բերել միջինը 8000 դրամով, վերնաշապիկին փոխարինող սպիտակ բլուզը՝ միջինում 6000 դրամով: Տաբատներն արժեն 10.000-15.000 դրամ, իսկ կիսաշրջազգեստները՝ միջինը` 9000–15000 դրամ: Տղա երեխայի կոշիկները կարելի է գնել միջինը 12 000–15000 դրամով, իսկ աղջիկներինը՝ 14000-17.000 դրամով: Երեխաների գուլպաները և ներքնազգեստը միասին ծնողի գրպանի վրա կարժենան միջինը 10000 դրամ:
Սակայն աղքատության բարձր մակարդակ ունեցող մեր երկրում ոչ բոլոր ծնողներն են, որ կարողանում են երեխաների համար գնել 15000 դրամ և ավելի թանկ պայուսակ: Բարձրացել են նաև հագուստի գները, ավելին՝ հագուստի համար նախատեսված գումարը տարեցտարի ավելանում է: Փոքրերի հագուստն ավելի թանկ է, քան մեծերինը, ընդ որում՝ աղջկա հագուստի տեսականին ավելի մեծ է, գներն էլ՝ բարձր:
Հետո նոր ծախսեր են առաջանում. գրքերի համար գումար են ծախսում, ապա նաև ձմեռային հագուստ են գնում: Կարճ ասած, վերնաշապիկ, տաբատ, կիսաշրջազգեստ (դպրոցներ կան, որտեղ համազգեստի միջին գինը գերազանցում է 10000 դրամը), մարզահագուստ, կոշիկ, սպորտային կոշիկներ, պայուսակ, օրագիր, տետրեր, գրիչներ, մատիտներ. այս ամենի համար միջին հաշվարկով անհրաժեշտ է առնվազն 100 հազար դրամ մեկ աշակերտի դեպքում՝ դրան գումարած նաև դասագրքերի գումարը։