Կուստուրիցայի Kustendorf Classic 2025 փառատոնին կմասնակցեն նաև հայ երաժիշտներ – Armenia Today

Սեպտեմբերի 4-6-ը Սերբիայում գտնվող աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի «Մեչավնիկ» էթնո-գյուղում տեղի կունենա միջազգային դասական երաժշտության փառատոնի՝ Kustendorf Classic-ի հերթական թողարկումը, որին կմասնակցեն նաև երաժիշտներ, հայտնել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը:

Նշվում է, որ փառատոնի հատուկ հյուրը կլինի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նա կանցկացնի բաց դասախոսություն փառատոնի մասնակիցների համար։ «Մեչավնիկ»-ի բեմում կներկայանա նաև դաշնակահարուհի Եվա Գևորգյանը։

Կուստուրիցայի փառատոների հյուրերը տարբեր տարիներին հանդիսացել են Մոնիկա Բելուչչին, Ջոնի Դեփը, Սալմա Հայեկը, Ջիմ Ջարմուշը, Վալերի Գերգիևը, Յուրի Բաշմետը, Դենիս Մացուևը և շատ ուրիշներ։

Այս տարվա սպասվող հյուրերի թվում է մեցցո-սոպրանո Վասիլիսա Բերժանսկայան, որը համարվում է ժամանակակից օպերային բեմի ամենափայլուն աստղերից մեկը։

Leave a Comment