Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում կնկատվի ջերմաստիճանի որոշակի բարձրացում, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Ըստ նրա՝ եթե մինչև օգոստոսի 29-ն Արմավիրում, Արագածոտնի, Կոտայքի նախալեռներում և Երևանում երեկոյան ժամերին ունենալու ենք լեռնահովտային քամիներ, ապա օգոստոսի 30-ից դրանք նույնպես կդադարեն։ Սուրենյանի խոսքով՝ առաջիկա հինգ օրերի ընթացքում երկրի ամբողջ տարածքում տեղումներ ընդհանրապես չեն լինի, ջերմաստիճանի անկում՝ նույնպես։
Նա զգուշացրել է, որ հանրապետության ամբողջ տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, և հորդորել է հետևել անվտանգության կանոններին։
