Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող ճանապարհի կառուցումը կարող են իրականացնել ամերիկացի ներդրողները։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում։
«Այժմ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր անունն է տվել «Զանգեզուրի միջանցքին», վստահ եմ, որ այն կիրականացվի մոտ ապագայում։ Ինչ վերաբերում է ֆիզիկական ենթակառուցվածքների կառուցմանը, այսինքն՝ երկաթուղուն, դա շատ ժամանակ չպետք է պահանջի, քանի որ երթուղու երկարությունը ընդամենը 42 կիլոմետր է։ Եթե մենք այն կառուցեինք, դա կանեինք մեկ տարվա ընթացքում, քանի որ մենք ավելի շատ փորձ ունենք երկաթուղիներ կառուցելու հարցում։ Սակայն Հայաստանից կարող է ևս մի քանի տարի պահանջվել», – ասել է պետության ղեկավարը։
«Իրականում դա մեզ համար կապ չունի։ Մեզ համար կարևորն այն է, որ երկաթուղին կառուցվի, և որ կան միջազգային անվտանգության երաշխիքներ։ Այլ կերպ ասած, Նախիջևանից մայրցամաք կամ հակառակը ճանապարհորդող ադրբեջանցիները չպետք է անհարմարություն զգան։ Նրանք չպետք է անհանգստանան իրենց անվտանգության համար՝ հաշվի առնելով երկարատև դիմակայությունն ու թշնամանքը», – հավելել է նա։