Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնած Հունգարիայի Սեյկեշֆեհեյրվարի քաղաքը դարձել է Վաղարշապատի՝ համայն հայության Սուրբ քաղաքի քույրը: Բայց սա դեռ ուրացման շղթայի նախերգանքն է: Վաղարշապատի համայնքապետարանի էջում հայտնվել է լուսանկար, որում հունգարական քաղաքի ղեկավար Անդրաշ Ցեր-Պալկովիչն է եւ հրճվանքը մի կերպ զսպող Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆԸ: Բայց սարսափելին, ուրացումը, աբսուրդն այն է, որ Մեխակյանն էլ պատահական Մեխակյան չէ, այլ «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ Մեխակ Մեխակյանի որդին՝ հերոսի, որի անունով կոչվեց Թալիշում Մեխակասարը, ավելին՝ Մեխակավանն էլ է հոր անունով: Այո՛, արցախուրաց իշխանության մոտ քաղաքապետացու է աշխատում Արգիշտին՝ հերոսի որդին… Մի հատ էլ Գուրգեն Մարգարյանին կացնահարողին արդարացնող երկրի քաղաքներից մեկի հետ բարեկամություն է հաստատում:
Իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող ՏԱՐՈՆ ՉԱԽՈՅԱՆԸ, որը նախկինում վարում էր դեղին մամուլի էջեր, ապա պաշտոն ստացավ՝ բավական կասկածելի արժանիքների համար, ամբողջ աշխարհին, կարծես, հենց իր «արշինով» է չափում: «Իրավունք»-ն անդրադարձել էր, որ ամերիկյան Հենդերսոնի գլխավոր բանտից ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը՝ Տեր Սերոբ քահանա Ազարյանի միջոցով, նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ իր անվերապահ աջակցությունը հայտնելով Գարեգին Երկրորդին եւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն: Եվ ահա այս ամենը Տարոն Չախոյանի «թեթեւ ձեռքով» ներկայացվում է՝ որպես «մեկի վրա հույս դնելու» քայլ։ Մինչդեռ իրողությունն այն է, որ անգամ աթեիստ քաղաքական գործիչն իր սկզբունքային դիրքորոշումն է հայտնում հայի հոգեւոր եւ ազգային արժեք հանդիսացող Եկեղեցու հանդեպ՝ անկախ իր նախկինում արտահայտած անձնական կարծիքից: Նախ նշենք, որ Եկեղեցին իր 1700-ամյա պատմության ողջ ընթացքում երբեք հույսը չի դրել եւ չի դնում որեւէ անձի վրա։ Եկեղեցին ապրում է Աստծո առաջնորդությամբ ու հենց այդ հավատքով էլ հաղթահարում է թե՛ երեւելի, թե՛ աներեւույթ բոլոր թշնամիներին։ Ավելին՝ նույն տարոնչախոյանների հարցում էլ Եկեղեցու միակ հույսն Աստծո վրա է, որ մի օր դարձի կգան եւ կսկսեն ի պաշտոնե իրական պատասխանատվությամբ ստանձնել Հայոց աշխարհի անվտանգ առաջնորդությունը։ Այնպես որ, կարեւորը՝ Եկեղեցու միակ հույսը Տարոն Չախոյանը չէ, այլ Աստված՝ նաեւ նրա փրկության համար:
Ոչ պակաս զարմանալի իրավիճակ է հայրենի մշակութային կյանքում: Հաշված օրեր անց տեղի կունենա «Music Fest with Coca-Cola 2025»-ը, որի կազմակերպիչներն աշխարհում ուրիշ մարդ չէին գտել, քան մեր հավատը՝ քրիստոնեությունը,Աստծուն եւ Հիսուս Քրիստոսին ծաղրող երգչուհի ՍԵՎԴԱԼԻԶԱՅԻՆ Հայաստան հրավիրելն էր: Հանրային մեծ աղմուկից հետո կազմակերպիչները երեկ հանդես եկան հերոսական հայտարարությամբ, թե Սեւդալիզան ելույթով հանդես չի գա: Իսկ թե ուր մնաց ներողությունը, ո՞վ էր պատասխանատու սրբապիղծին երեւանյան բեմ բարձրացնելու համար, եւ ինչո՞ւ որեւէ մեկը չի պատժվում, կարծես, էլ ոչ մեկին չի հետաքրքրում: Ռեժիսոր, դերասան Տիգրան Նալչաջյանը տեղին դիտարկում է արել. «Փաստորեն կան մարդիկ, ովքեր սպասում էին Սեւդալիզային հրավիրեն Հայաստան, հետո չեղարկվի, որ իրենց կյանքում վերջապես մի լավ լուր լինի»։ Իսկական խայտառակությո՜ւն…
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը