Ադրբեջանը հույս ունի ամերիկյան ExxonMobil-ի աջակցությամբ երկրում նավթային հանքավայր բացել

Քաղաքականություն

26.08.2025 | 23:30

Ադրբեջանն ամերիկյան ExxonMobil ընկերության աջակցությամբ խոշոր ոչ ավանդական նավթահանքի հայտնաբերման հույս ունի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի  էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը նախարարների կաբինետի հատուկ նիստում՝ նվիրված երկրի նախագահ Իլհամ Ալիևի ԱՄՆ կատարած այցին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության (SOCAR) և ExxonMobil-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացման վրա։ Ադրբեջանցի նախարարը նշել է, որ Վաշինգտոնում կայացած հանդիպումներում հատկապես նշվել է Ադրբեջանի ներդրումը տարածաշրջանի և աշխարհի էներգետիկ անվտանգության գործում։

«Այսօր Ադրբեջանը բնական գազ է մատակարարում ԱՄՆ-ի 10 դաշնակիցների: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանից խողովակաշարային գազի մատակարարումները ներառում են 14 երկիր: Մեր երկիրը վերջերս սկսել է գազ մատակարարել Սիրիա: ԱՄՆ-ն դրականորեն է արձագանքել Ադրբեջանի մասնակցությանը Վաշինգտոնի դաշնակիցների, ինչպիսիք են Իսրայելը և Միացյալ Արաբական Էմիրությունները, նավթի և գազի արտադրության նախագծերին»,- ասել է նա։

Ջաբարովը նշել է, որ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի ներուժը, երկիրը գրավիչ են դարձնում տվյալների կենտրոնների ենթակառուցվածքների և արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների համար։

«Ադրբեջանը անփոխարինելի դեր է խաղում Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանների միջև մի շարք նախագծերի իրականացման գործում»,- նշել է նա։

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպել էր Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին։ Այդ հանդիպման շրջանակում SOCAR-ի և ExxonMobil-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment