ՌԴ պաշտպանության փոխնախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Արմինֆո. ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ռազմական համագործակցությունը և իրավիճակը Հարավային Կովկասում: Այդ մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

 

“Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության մի շարք արդիական հարցեր և դրանց իրականացման հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության առանցքային խնդիրների շուրջ, այդ թվում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակին”, – ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

 

“Իր հերթին՝ Քազեմ Ջալալին նշել է ռազմական ոլորտում ռուս-իրանական փոխգործակցության բարձր դինամիկան եւ բազմակողմանիությունը, ինչպես նաեւ հաստատել է դրա հետագա զարգացման հանձնառությունը”, – ըստ “Ինտերֆաքսի”՝ հայտարարել են նախարարությունում:

 

ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Քազեմ Ջալալիին ռուս-իրանական հարաբերությունների զարգացման գործում մեծ ավանդի համար: “Հանդիպումն անցել է բարեկամության և վստահության մթնոլորտում, ինչպես նաև հաստատել է Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմավարական համագործակցության հետագա զարգացման փոխադարձ տրամադրվածությունը”, – նշել են Ռուսաստանի ՊՆ-ում:

Leave a Comment