ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ինքն է գործարար Սամվել Կարապետյանին խնդրել ձեռք բերել «Հայաստանի էլեկտրական ցանցերը»:
«Ինչ վերաբերում է պարոն Սամվել Կարապետյանին, ապա ես պիտի ասեմ բացահայտ, որ Սամվել Կարապետյանին ես եմ խնդրել, որպեսզի ռուսական մեկ այլ ընկերությունից ինքը ձեռք բերի «Հայաստանի էլեկտրական ցանցերը», որովհետև էլեկտրական ցանցերը իրոք շատ վատ վիճակում էին, և պետք էր մարդ, ով սրտացավություն ցուցաբերեր, պետք էր մարդ, ով կցանկանար տևական ժամանակ շահույթ չհետապնդել, այլ ներդրումներ անել, ինչը գոնե մինչև 18 թվականը Սամվել Կարապետյանը կատարել է, ես չգիտեմ՝ դրանից հետո շարունակվել է, թեև կարծում եմ, որ շարունակված կլինի», – ասաց նա:
Հարցին, թե համագործակցության եզրեր տեսնո՞ւմ է Կարապետյանի կողմից ձևավորվող ուժի հետ, Սարգսյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն ցանկացած ընդդիմադիր ուժի հետ գործակցություն հնարավոր է համարում:
«Եթե այդ գործակցության ձևերն ու մեթոդները մեզ համար ընդունելի են», – հավելեց ՀՀԿ նախագահը։
Վերջինս քննադատեց նաև ՀԷՑ-ի պետականացման գործընթացը. «Ի՞նչ է նշանակում հապշտապ օրենք ընդունել, այդ օրենքով ինչ-որ նշանակումներ անել և գնալ այսպես ասեմ՝ ուրիշի սեփականությունը կառավարել, մարդկանց ազատել, ֆինանսական միջոցներ տնօրինել, վատ եմ ես դրան վերաբերվում, բայց դե կտեսնենք, համենայն դեպս արբիտրաժի որոշում կա, դատական պրոցեսներ են լինելու»:
Լրագրողի դիտարկմանը, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը 2018-ին Սարգսյանի կողքին չի կանգնել, նա հակադարձեց, որ այդպիսի տեղեկություն չունի:
«Ես չունեմ այդպիսի տեղեկություն, որ 18 թվականին Սամվել Կարապետյանը կանգնել է իշխանությունների կողքին», – հավելեց Սարգսյանը:
