ԱԽ գրասենյակը հաղորդագրություն է տարածել․
«ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դիլիջանում աշխատանքային նախաճաշ է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների պետնախարար Սթիվեն Դաութիի հետ:
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմամբ ընձեռվող տնտեսական հնարավորությունները:
Սթիվեն Դաութին իր հերթին աջակցություն է հայտնել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին և ընդգծել Հարավային Կովկասում հաստատուն խաղաղություն ունենալու կարևորությունը:
Կողմերը քննարկել են նաև ՀՀ-ՄԹ երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ մատնանշելով հետագա համագործակցության ուղիները: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են նաև հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան՝ միտված ռազմավարական գործընկերությանը»: