Երևանի քաղաքապետարանն այսօր տրանսպորտի տոմսային նոր միասնական համակարգի Transport.yerevan.am կայքն է ներկայացրել։ Կայքի միջոցով քաղաքացիները կարող են ծանոթանալ առաջարկվող տոմսային փաթեթներին, պայմաններին, ինչպես նաև ստանալ սահմանաված արտոնությունները։ Կայքն առայժմ փորձարկման ու վերազինման փուլում է, հետագայում գործիքակազմը կընդլայնվի ու նոր լրացուցիչ հնարավորություններ կլինեն։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական գործակարգավարական նիստում հիշեցրել է՝ հունվարի 1-ից քաղաքացիները տրանսպորտից օգտվելու համար պետք է վճարեն բացառապես էլեկտրոնային QR տոմսերով, իսկ արդեն փետրվարի 1-ից ամբողջապես անցում կկատարվի տոմսային միասնական, փաթեթային համակարգին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, ինչպես ինքն է ասում՝ ամանորյա վատ «նվերներով» է սկսում։ «Նվերը» Ավինյանի համար ավելի քան 7 միլիոն 600 հազար դրամ կարժենա․ քաղաքապետը որոշել է սեփական միջոցներից փոխհատուցել նոյեմբերին իր համար գնված ավիատոմսի արժեքը։
«Մի իրավիճակում ենք հայտնվել, երբ իրականում մի քանի անգամ ավելի նվազ գումար կարելի էր ծախսել տվյալ գործողության համար, և ինչ–ինչ պատճառներով, ժամանակը չգնահատելով` մենք հայտնվեցինք մի իրավիճակի առաջ, երբ, կներեք, բայց նոր տարվա «վատ նվեր» արվեց ինձ»։
Տիգրան Ավինյանը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հեռուստատեսային բանավեճից հետո շրջանառվող խոսակցություններից ու հնչող քննադատություններից մեկին է արձագանքում, քննադատությունն էլ տեղին է համարում։


Խոսքը ԱՄՆ կատարած այցի համար գնված ավիատոմսի արժեքին էր վերաբերում․ Ավինյանը պարզաբանում է՝ միայն այցից հետո է իմացել տոմսի գինը։ Քաղաքապետը նաև հանձնարարում է ստուգել, ուսումնասիրել, թե որ կետում է գործն այսպես ընթացել ու պատասխանատվության երթարկել մեղավորներին։
«Եվ անկեղծ ասած, ես նույնպես ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից, իսկ հետո մի փոքր խորացա ու հասկացա, որ ընդհանուր անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա այստեղ, որովհետև նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվել նոյեմբերի 20-ին և, անկեղծ ասած, եթե օրինակ, 1 օր ուշացումով էլ ձեռք բերեինք գուցե եռակի կամ մի քանի անգամ ավելի թանկ ձեռք բերեինք։ Ուզում եմ հայտնել, որ որոշում եմ կայացրել այդ ծախսն ամբողջությամբ փոխհատուցել ինքնուրույն»,– ասում է Ավինյանը։


Օդային տրանսպորտի շուրջ խոսակցություններից առաջ Ավինյանը նաև մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի հերթական բարեփոխումն է ներկայացնում։ Transport.yerevan.am՝ սա այն կայք էջն է, որը շուտով կփոխարինի 100 դրամանոց մետաղադրամին, այն ընդունող սարքին ու QR–մեկանգամյա տոմսերին։ Քաղաքապետարանը ներկայացրել է այն հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի հունվարի 1-ից հետո տրանսպորտից օգտվելու համար առաջարկվող տոմսերը ձեռք բերել։ Ավինյանը շեշտում է՝ կայքն առայժմ մշակման ու փորձարկման փուլում է, բայց արդեն գործում է։
«Արդեն կարող եք մտնել կայք, ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հատուկ հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որն է լինելու ձեզ համար ամենամատչելի տոմսը, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելու միջոցով ստուգել՝ արդյոք ներառված եք արտոնյալ խմբում, և ընթերցելով հաճախ տրվող հարցերի բաժինը՝ ավելի ամբողջական տեղեկություններ ստանալ միասնական տոմսային համակարգի մասին»,– մանրամասնում է քաղաքապետը։


Նոր գործարկված կայքում քաղաքացին կարող է ընտրել ժամանակահատված, ապա այդ ընթացքի համար ուղևորությունների միջինացված քանակ ու արհեստական բանականությունը ինքը կառաջարկի, թե որ փաթեթն է ավելի մատչելի ու ձեռնտու։ «Արտոնության ստուգում» բաժնում էլ համապատասխան տվյալները լրացնելուց հետո հնարավոր է ստուգել, թե արտոնությունների որևէ խմբում քաղաքացին ներառված է, թե ոչ։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մանրամասնում է՝ կայքն օգտագործելու է տարբեր նախարարություններից ստացված տվյալները։
«Եթե քաղաքացիները կայքում ստուգում են իրենց արտոնությունները ու վստահ են, որ պիտի ունենան արտոնություն, բայց համակարգը իրենց պատասխանում է, որ իրենք արտոնյալ խմբում ներառված չեն, հորդորում եմ՝ նախ մի քանի փորձ կատարել, բայց եթե այնուամենայնիվ, պատասխանը չի փոփոխվում, օգտագործել այս ժամանակահատվածը, որ դիմեն համապատասխան մարմիններին ու պարզեն՝ ինչումն է խնդիրը։ Իհարկե, կայքում նաև տեղադրված է հետադարձ կապի համար տվյալներ, ու կարող են դիմել, օրինակ՝ թեժ գծին»,– ասում է Սուրեն Գրիգորյանը։
Ընդ որում՝ սահմանված արտոնությունները գործում են միայն ամսական, եռամսյակային, տարեկան ու 1 ամսվա ընթացքում 10 ուղևորության հնարավորություն տվող փաթեթներ ձեռք բերելու դեպքում։ Զեղչերից օգտվելու համար նաև պարտադիր է Երևանի գրանցում ունենալը, բացառություն են միայն ուսանողները։


Շուտով Transport.yerevan.am կայքի գործիքակազմը ընդլայնվելու է, ու հենց կայքի միջոցով հնարավոր կլինի էլեկտրոնային տոմսեր ձեռք բերել՝ բանկային քարտը կցելու միջոցով։
Քաղաքապետը հիշեցնում է՝ տոմսային նոր միասնական համակարգն ամբողջությամբ կգործի փետրվարի 1-ից։ Մինչ այդ, քաղաքացիներն առայժմ կարող են մեկ երթևեկության համար 100 դրամ վճարել, սակայն բացառապես QR տոմսերի միջոցով․ եթե իհարկե Երևանի ավագանին առաջիկա նիստում հավանություն տա քաղաքային իշխանության առաջարկած նախագծին։
«Մենք արդեն վաղուց Յանդեքս քարտեզներում ունենք տրանսպորտի տեղաշարժը ցույց տվող համակարգ, բայց դուք էլ գիտեք, որ մենք առայժմ բողոքներ ենք ստանում, որ տրանսպորտը չի երևում, փաստացի մոտենում է, բայց քարտեզի վրա չի երևում և այլն, ես ուզում եմ մեր քաղաքացիներն իմանան, որ այս ծրագրի իրականացման արդյունքում շատ շուտով որակի էական փոփոխոթյուն են զգալու»։
Հունվարի 1-ից մայրաքաղաքում երթուղի են դուրս գալու նաև վերջերս ձեռք բերված 171 նոր ավտոբուսները։ Jong Tong մակնիշի ավտոբուսները կփոխարինեն մասնավոր կազմակերպությունների կողմից սպասարկվող 9 երթուղիների Hunday մակնիշի բոլոր արդեն հնամաշ ավտոբուսներին։ Եվս 20 երթուղիներում էլ ավտոբուսները կհամալրեն արդեն իսկ շահագործվող նոր ավտոբուսների շարքերը։