Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը KP.RU-ին տված հարցազրույցում հայտնել է մայրաքաղաքում միգրանտների նկատմամբ վերահսկողության նոր միջոցների գործարկման մասին։ Միգրանտների տեղաշարժին հնարավոր է հետևել հատուկ հավելվածի միջոցով:
Սոբյանինի խոսքով՝ արդեն 2025 թվականից Մոսկվայի օդանավակայաններում ներդրվել է օտարերկրացիների պարտադիր կենսաչափական գրանցում․ ժամանողներից վերցվում են մատնահետքեր, արվում է լուսանկար և գենոմային պրոֆիլ։ Բոլոր տվյալները փոխանցվում են ԱԱԾ և ՆԳՆ բազաներ։
Սեպտեմբերի 1-ից փորձնական ռեժիմով կգործի «սոցիալական ռեգիստր» համակարգը, որը թույլ է տալիս միգրանտների տեղաշարժը հետևել հատուկ հավելվածի միջոցով։ Եվս մեկ նորամուծություն է օտարերկրյա քաղաքացու էլեկտրոնային քարտը QR կոդով․ ոստիկանները կկարողանան ակնթարթորեն ստուգել մնալու ժամկետը, աշխատանքի վայրը և խախտումների առկայությունը։
«Բացի այդ, ներդնում ենք միգրանտի էլեկտրոնային քարտ, որում կնշվեն միգրանտի բոլոր տվյալները։ QR կոդի միջոցով ոստիկանն ամեն ինչ կարող է իմանալ՝ երբ է նա եկել, ինչ ժամկետով, որտեղ է աշխատում, ունի՞ միգրացիոն խախտումներ, թե՞ ոչ։ Եթե կարմիր է ցուցադրվում, խախտում կա, ոստիկանը պարտավոր է նրան ձերբակալել։ Եթե կանաչ է, խնդիր չկա», – բացատրել է Մոսկվայի քաղաքապետը։
2024թ.-ի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի՝ բոլոր ապօրինի միգրանտները պարտավոր էին ոչ ուշ քան ապրիլի 30-ը կարգավորել իրենց իրավական կարգավիճակը կամ ինքնուրույն լքել երկիրը։
Ռուսաստանը շարունակում է մնալ ԱՊՀ-ի ներսում աշխատանքային միգրացիայի հիմնական ուղղություններից մեկը։ Ռոսստատի տվյալներով՝ 2024 թվականին երկիր է մուտք գործել 78,6 հազար հայ միգրանտ։
