Ավստրալիան արտաքսում է երկրում Իրանի դեսպան Ահմադ Սադեղիին, ինչպես նաև փակում իր դեսպանատունը Իսլամական Հանրապետությունում։ Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ Ավստրալիայի անվտանգության և
հետախուզական ծառայությունը, երկրի դաշնային ոստիկանության հետ համատեղ,
հետաքննություն է անցկացրել Ավստրալիայում հրեական համայնքի դեմ մի շարք հակասեմիտական
հարձակումների վերաբերյալ, որի ընթացքում պարզվել է, որ դրանցից առնվազն երկուսը
աջակցություն են ստացել Իրանի կառավարությունից։
«Այդ հարձակումները մեր համայնքի վրա միանգամայն անընդունելի են, և Ավստրալիայի կառավարությունը վճռական պատասխան գործողություններ է ձեռնարկում: Մենք տեղեկացրել ենք
Ավստրալիայում Իրանի դեսպանին, որ նա և ևս երեք դիվանագետներ կարտաքսվեն երկրից:
Մենք դադարեցրել ենք մեր դեսպանատան աշխատանքը Թեհրանում, և մեր բոլոր
դիվանագետներն այժմ անվտանգության մեջ են
երրորդ երկրում»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավստրալիայի կառավարությունը կընդունի
օրենք, որը թույլ կտա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)
ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, հավելել են հայտարարության մեջ։