«Լիվերպուլի» 16-ամյա վինգեր Ռիո Նգումոան ռեկորդ է սահմանել Անգլիայի Պրեմիեր լիգայում (ԱՊԼ)՝ դառնալով լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խփել է հաղթական գոլ։
Անգլիայի երիտասարդական հավաքականի խաղացողը գոլ է խփել երկրորդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղում (3:2): Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի վեցերորդ րոպեին, երբ հաշիվը 2:2 էր, Նգումոան փոխարինեց Կոդի Գակպոյին և չորս րոպե անց խոցեց Նիկ Փոուփի դարպասը՝ ապահովելով «Լիվերպուլի» հաղթանակը։
Opta վիճակագրական պորտալի տվյալներով՝ Ռիո Նգումոան, 16 տարեկան և 361 օրական հասակում, գերազանցել է Անգլիայի հավաքականի լեգենդար խաղացող և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունիի ռեկորդը:
Ռունին 2002 թվականին «Էվերթոնի» կազմում գոլ էր խփել «Արսենալի» դեմ խաղում՝ 16 տարեկան և 362 օրական հասակում: Նգումոան նրան գերազանցել է ընդամենը մեկ օրով։