Իրավապահները հրահանգ ունեն՝ Սամվել Կարապետյանից «դարի հանցագործ կերտել». ԶԼՄ

Իրավապահ մարմինները քաղաքական իշխանությունից հրահանգ ունեն՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանից «դարի հանցագործ կերտել», գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Հրապարակման համաձայն՝ ավելի քան երկու ամիս ապօրինի կալանավորված Կարապետյանի նկատմամբ իշխանության վախերը գնալով ավելի են մեծանում՝ քննում են գործարարի յոթը պորտը, գործին ներգրավված է նաև ՊԵԿ համակարգը։

«Ասում են՝ սխեմաներ են գծում, որով հանրությանը փորձելու են հավատացնել, որ Կարապետյանը միլիարդներ է պետությունից ստացել, բայց մի կոպեկ չի ծախսել ՀԷՑ-ի վրա, արդյունքում էլ կառույցը հասել է այս օրին», – նշել է թերթը։

ԶԼՄ-ն չի բացառել նոր ձերբակալությունները ինչպես ՀԷՑ-ի, այնպես էլ Կարապետյանի մերձավորների շրջանում։

Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը:

2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում անցկացվել էր երթ՝ հաջակցություն կալանավորված Կարապետյանի։ Այնուհետև նա իր ուղերձում հայտարարել էր, որ պատրաստ է դուրս գալ պայքարի ճանապարհ՝ հանուն հայրենիքի և համախմբել ժողովրդին արմատապես նոր ուժի շուրջ։ Հուլիսի 14-ին նա հայտնել էր նոր քաղաքական թիմ ձևավորելու մեկնարկի մասին։

Կարդացեք նաև՝

Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը

Leave a Comment