ՀՀ ՊՆ զորամասերից մեկում զինծառայողի վիրավորման դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, Armenia Today-ին հայտնել է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Շահվերդյանը։
Նա տեղեկացրել է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով-խմբ․)։
Խոսնակը հավելել է, որ կատարվում է նախաքննություն։
Օգոստոստոսի 26-ին Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը հաստատել էր զինծառայողի վիրավորման մասին ԶԼՄ-ի լուրը՝ հայտնելով, որ զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Խոսնակը տեղեկացրել էր, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
