
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայում հակամարտության դիվանագիտական կարգավորումը քննարկել է Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև եվրոպական դիվանագիտության ղեկավարի հետ, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Կողմերը «համաձայնել են շարունակել դիվանագիտական ջանքերը՝ ուղղված բանակցությունների ճանապարհով ռուս-ուկրաինական պատերազմը երկարաժամկետ ավարտի հասցնելուն», – ասվում է հաղորդագրության մեջ։
CNN-ը նշում է, որ Ռուբիոն «քննարկել է Եվրոպայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հետ կոալիցիայի աշխատանքը՝ Ուկրաինայի համար անվտանգության հնարավոր երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ»։
Ուկրաինացի նախարար Անդրեյ Սիբիհան X սոցիալական ցանցում հաստատել է, որ Կիևը պատրաստ է «խաղաղությանն ուղղված հաջորդ քայլերին» և «ցանկացած ձևաչափով առաջնորդների մակարդակով հանդիպումներին», – ասվում է հեռուստաալիքի հրապարակման մեջ։