UFC-ի լեգենդար նախկին մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի և նույն քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի միջև հնարավոր տիտղոսային մենամարտի մասին։
— Ենթադրենք, որ Ծառուկյանը մենամարտում է Թոփուրիայի հետ։ Ու՞մ եք տեսնում որպես ֆավորիտ այս մենամարտում։
«Ես Թոփուրիայի համար որևէ հնարավորություն չեմ տեսնում։ Արմանը մրցակիցներին կարողանում է իրենից հեռու պահել։ Նա լավ է պահպանում հեռավորությունը հարձակողական ոճ ունեցող մարտիկների դեմ, աշխատում է ոտքերով։
Ես Արմանին տեսնում եմ որպես հաղթող 80-ից 20 տոկոս հարաբերակցությամբ։ Նրա ըմբշամարտը, նրա ճնշումը, նրա հասակը․ սա նույնպես պետք է հաշվի առնել։ Նա գրեթե 10 սմ-ով ավելի բարձրահասակ է, ավելի ծանր է, քան Իլիան:
Կարծում եմ՝ այս պահին թեթև քաշային կարգի լավագույն մարտիկը Ծառուկյանն է՝ չհաշված Իսլամ Մախաչևին»,- ասել է Նուրմագոմեդովը Կամիլ Գաջիևի YouTube ալիքին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Իսլամ Մախաչևն իր նախապատվությունը տվել էր Ծառուկյանին՝ Թոփուրիայի դեմ հնարավոր մենամարտում։