Ֆրանսիայի ԱԳՆ-ն կանչել է Ֆրանսիայում
ԱՄՆ դեսպան Չարլզ Քուշներին՝ անընդունելի անվանելով նրա հայտարարությունները
հակասեմիտիզմի դեմ պայքարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անբավարար
ջանքերի մասին:
Ավելի վաղ Ֆրանսիայում ԱՄՆ դեսպան Չարլզ
Քուշները նամակ էր գրել Մակրոնին, որում նրան դատապարտել էր երկրում հակասեմիտիզմի
դեմ պայքարում բավարար ջանքեր չգործադրելու համար: Ֆրանսիան կտրականապես հերքել է
այդ մեղադրանքները և նշել. «Ֆրանսիայում հակասեմական դրսևորումների աճը 2023
թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իրականություն է, որը մենք դատապարտում ենք, և որի
դեմ ֆրանսիական իշխանությունները ցուցաբերել են ամբողջական մոբիլիզացիա, քանի որ
այդ դրսևորումները անհանդուրժելի են»։
«Դեսպանի հայտարարությունները
անընդունելի են։ Դրանք խախտում են միջազգային իրավունքը, մասնավորապես՝
պետությունների ներքին գործերին չմիջամտելու պարտավորությունը։ Դրանք նաև չեն
համապատասխանում Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջև տրանսատլանտյան
հարաբերությունների որակին և այն վստահությանը, որը պետք է գոյություն ունենա
դաշնակիցների միջև։ Օգոստոսի 25-ին դեսպան Քուշները կանչվել է Քե դ’Օրսե»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում
հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ։