«Ապրում եմ, որ ջազ նվագեմ»․ Լևոն Մալխասյանը 80 տարեկան է

Դեկտեմբերի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ջազային ելևէջներն են հնչելու։ Հայկական ջազի կենդանի լեգենդ Մալխասը 80 տարեկան է։  Երևանի պատվավոր քաղաքացի Լևոն Մալխասյանը 15 տարեկանում, ռադիոընդունիչով լսելով 20-րդ դարի կանադացի վիրտուոզ դաշնակահար-ջազմեն Օսկար Պիտերսոնի երաժշտությունը, ընդմիշտ կապեց իր կյանքը ջազային երաժշտության հետ: Ինչպես ինքն է ասում՝ ապրում եմ, որ ջազ նվագեմ։ 

1970-ին համամիութենական ջազ փառատոն էր։ Ռուս լրագրողը ջազմեն Լևոն Մալխասյանին հարցնում է՝ ինչպե՞ս է, որ Հայաստանում ջազն այդքան զարգացած է, գալիս եք փառատոնների ու մրցանակներ շահում։ Ջազմենը իրեն յուրահատուկ կերպով պատասխանում է․

«Գիտեք` ինչ կա, ձեր բնությունը հարթ է, սար չունեք, իսկ մեզ մոտ դարերով սարերում թմբուկ են խփել, թմբուկն էլ ջազային երաժշտության հիմնաքարերից է: Այդ թմբուկի դերը մեծ էր, երբ գյուղից գյուղ խաբար էին անում, թե կռիվ է սկսվում, կամ հարսանիք է սպասվում: Դուք սար չունեք, դրա համար էլ չեք կարողանում կարգին նվագել»:

Դեկտեմբերի 24 –ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ջազային հրավառություն է սպասվում: Լեգենդար երաժիշտ, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը նշում է ծննդյան 80 ամյակը։

«Մալխաս ջազ տրիո» բենդի կոնտրաբասահար Նիկողայոս Վարդանյանն ու Լևոն Մալխասյանը 40 տարվա ընկերներ են։ Երաժիշտ ասում է՝ իրենց ընկերությունը պետք է գրանցել Գինեսի ռեկորդների գրքում։

 «Նրա հետ շփվելը և՛ հեշտ է, և՛ դժվար։ Վտանգ էլ կա։ Ընկերներիս մեջ նկատել եմ, որ իր հետ շփվում են, փորձում են լինել Մալխաս, դա վտանգավոր է։ Իր ապրելաձևը, իր նվագելաձևը․․ասում են՝ մատներիդ մեջ  արև կա։ Առնո Բաբաջանյանն առաջին անգամ երբ իրեն լսեց, ասեց՝ ինչ ուսում ունես, ասեց՝ ոչ մի ուսում, ասեց՝ հանկարծ ոչ մեկի մոտ չգնաս կփչացնեն»։

Դեռ 15 տարեկանում Լևոն Մալխասյանը, ռադիոընդունիչով լսելով 20-րդ դարի կանադացի վիրտուոզ դաշնակահար-ջազմեն Օսկար Պիտերսոնի երաժշտությունը, ընդմիշտ կապեց իր կյանքը ջազի հետ: Ինչպես ինքն է ասում՝ ապրում եմ, որ ջազ նվագեմ։ 

«Մալխաս 80» համերգը տեղի է ունենալու Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ։ Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյան․

«Կան մարդիկ, որ մայրաքաղաքին տալիս են այն անունն ու հոմանիշները, նրանք այն անձինք են, որ ապրել են ու ապրելու են Երևանում։ Կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանն է, որ խոսում ու նվագում է Երևանի մասին։ Նա հենց ինքը մի ամբողջ Երևան է, իր ապրած օրերի ու շաբաթների մեջ։ Երևանի պատմությունը կարող ենք կարդալ, երբ տեսնենք Մալխասին»։

Հոբելյանական համերգին մասնակցելու են  Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Հանրային ռադիոյի էստրադային սինֆոնիկ նվագախումբը և անվանի հրավիրյալ երաժիշտներ։

«Նյու Ջեներեյշն Փրոջեքթի» հիմնադիր և գործադիր տնօրեն՝ Շմավոն Գրիգորյան․

«Վաղը մեզ միայն համերգային երեկո չի սպասվում, այլև փոքրիկ պատմությունների միջոցով կներկայացվի մաեստրոյի անցած ուղին»։

Ջազի սահմանումներից մեկը կյանքն է: Փոփոխվող, լրացվող, անկրկնելի, աննման․․․ Լևոն Մալխասյանը երբեք չի ընդունել այն դիմելաձևը, որով փորձել են բնորոշել նրան՝ հայկական ջազի նախահայր: «Ես ոչ լեգենդ եմ, ոչ էլ հայկական ջազի հիմնադիրը: Ես պարզապես ավանդույթները շարունակող եմ»,– ասում է երաժիշտը։

Source link

Leave a Comment