Ալիևը գովաբանել է «Հարավային Կովկասում հրաշք գործած» Թրամփին և քննադատել արևմտյան «կեղծ» լրատվամիջոցներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «իրապես արժանի է» Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ բարձր գնահատելով նրա դերը Աֆրիկայում, Ասիայում և Հարավային Կովկասում և նրան անվանելով առաջնորդ, որը «խաղաղություն է ուզում»։
Al Arabiya հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում Ալիևն ասել է. «Հայաստանի հետ մենք առաջադրել ենք նախագահ Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։ Նա իսկապես արժանի է դրան»։
«Նա հրաշք է գործել Աֆրիկայում, Ասիայում և Հարավային Կովկասում։ Եվ դա նրա բնավորությունն է, նրա էությունը։ Նա խաղաղություն է ուզում։ Նա մարդ է, որը բացարձակապես տարբերվում է արևմտյան առաջնորդի ավանդական կերպարից։ Նա շատ բարեհամբույր է»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը ԱՄՆ նախագահին բնութագրել է նաև որպես «շատ առատաձեռն»։
«Նա այնքան առատաձեռն էր, որ արեց բոլոր [այդ] նվերները, նույնիսկ ավելին, քան նախատեսված էր։ Նա [իրոք] մեծ հարգանքի արժանի մարդ է»,- ասել է նա։
Հարցազրույցի ընթացքում Ալիևը նշել է, որ Թրամփի նկատմամբ իր վերաբերմունքը միշտ դրական է եղել։
«Որպես քաղաքական գործչի, նրա նկատմամբ իմ վերաբերմունքը միշտ դրական է եղել, նույնիսկ նրա նախագահության առաջին ժամկետի ընթացքում, թեև այն ժամանակ մենք հանդիպելու հնարավորություն չենք ունեցել։ Եվ հատկապես, երբ խորքային պետության ներկայացուցիչները, կեղծելով ընտրությունները, նրան զրկեցին ընտրվելու հնարավորությունից,- ասել է նա։- Նրանք գողացան նրա հաղթանակը»։
Ալիևը հավելել է, որ Թրամփը արժանապատվություն է դրսևորել՝ չնայած պաշտոնը կորցնելուն։
«Այնպես որ, այն ժամանակ, երբ նա նախագահ չէր, իրեն շատ արժանապատիվ էր պահում։ Նա մեծ խիզախություն և արժանապատվություն դրսևորեց։ Եվ վերադառնալ Ամերիկա՝ այս բոլոր ճահճային գորտերի հետ, դե, գիտեք, ինչպիսիք են USAID-ը, «Радио Свобода»-ն, կեղծ լուրեր տարածողները, ինչպիսիք են The Washington Post-ը, The New York Times-ը, The Wall Street Journal-ը, Newsweek-ը. նրանք բոլորը դեմ էին նրան։ Նրանք բոլորը դիվայնացնում էին նրան ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, դիվայնացնում էին ինձ։ Գուցե ոչ այնքան, բայց նույն կերպ»,- հայտարարել է նա։

Leave a Comment