Ռուսաստանն ակնկալում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լրիվությամբ վերականգնել․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ակնկալում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լրիվությամբ վերականգնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես մեծ հույս ունեմ, որ ձեռնարկված առաջին քայլերը մեր հարաբերությունների լիակատար վերականգնման միայն սկիզբն են», – ասել է նախագահը։

Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ սա կախված չէ Ռուսաստանից։

«Սա կախված է մեր, առաջին հերթին, արևմտյան գործընկերներից՝ բառի լայն իմաստով, քանի որ Միացյալ Նահանգները նույնպես կապված է որոշակի պարտավորություններով տարբեր ասոցիացիաների շրջանակներում, այդ թվում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում», – բացատրել է նա՝ հավելելով, որ հաջորդ քայլերը այժմ կախված են ԱՄՆ ղեկավարությունից։

Նա նաև վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդի որակները լավ երաշխիք են, որ հարաբերությունները կվերականգնվեն:

Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ը և Ռուսաստանը վերսկսել էին երկկողմ շփումները։ Կողմերի ներկայացուցիչները հանդիպել են Սաուդյան Արաբիայում և Թուրքիայում և քննարկել ոչ միայն Ուկրաինայի հակամարտությունը, այլև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Բացի դրանից, Թրամփը մի քանի անգամ զանգահարել է Պուտինին։

Օգոստոսի 15-ին Ալյասկայում տեղի էր ունեցել ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների առաջին հանդիպումը չորս տարվա ընթացքում։ Ե՛վ Թրամփը, և՛ Պուտինը դրական են գնահատել հանդիպման արդյունքները, ընդ որում՝ Ռուսաստանի նախագահը դրանք անվանել է «օգտակար»։

Leave a Comment