«Ժողովրդին տարիներով մատուցվում էր, որ 1991-ից հետո Հայաստանը վարել է ճկուն, բազմավեկտոր, բալանսավորված և այլ դրական լույսի ներքո ներկայացվող անվանումներով արտաքին քաղաքականություն։
Հատկապես վերջին 3 տարիների ընթացքում ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի քաղաքական օրակարգում Ռուսաստանը գրեթե չկա։ Ոչ պետական մակարդակով որոշումներ կայացնելիս է հաշվի առնվում Ռուսաստանի քաղաքական օրակարգի գործոնը, ոչ էլ քաղաքական դաշտի մակարդակով է այն քննարկվում և մատուցվում ժողովրդին։
Հայաստանի ռազմական ոլորտում Ռուսաստանը նույնպես չկա՝ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը սառեցված է, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև համագործակցությունը և շփումը զրոյական է, հայկական բանակն էլ փոխվում է ՆԱՏՕ-ի ստանդարտների։
Ռուսաստանի հետ մնացել են որոշ տնտեսական հարաբերություններ ԵԱՏՄ մասով։
Այսինքն` ընդամենը երեք տարի է ինչ Ռուսաստանը մասամբ ոտքը Հայաստանից քաշել է, բայց հայկական պետականությունը արդեն մեծ տեմպերով անկում է ապրում։ Բա ու՞ր մնաց 33 տարվա ճկուն արտաքին քաղաքականության տված արդյունքը, որը մեզ ամրության պաշար պետք է տար։ Այդ միֆը ևս այսօր կոտրվում է։
33 տարի Հայաստանին պահել է ոչ թե իր վարած ճկուն արտաքին քաղաքականությունը, այլ Ռուսաստանը։ Այս իրողությունը խոստովանելու համարձակություն Հայաստանում դեռևս չկա։
Կյանքը ցույց է տալիս, որ առանց Ռուսատանի Հայաստանը կես քայլ անգամ ի վիճակի չէ ինքնուրույն անել, առանց սեփական գլխին մի փորձանք բերելու։
Հայաստանի քաղաքական դաշտը ֆիասկոյի մեջ է, «առանց Ռուսաատան» Հայաստանի պայմաններում ի հայտ է եկել իր անզոր և անօգնական վիճակը», – գրել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ: