Իսրայելի իշխանությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ Գազայի հատվածում սովը դադարեցնելու և մարդասիրական ամբողջական օգնության մուտքը թույլատրելու համար, հայտարարել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Ջերեմի Լոուրենսը, հայտնում է РИА Новости-ն։
Նա հայտարարել է, որ «Գազայի հատվածում սովը Իսրայելի դիտավորյալ գործողությունների ուղղակի հետևանքն է»։
«Սովը որպես պատերազմի զենք օգտագործելը ռազմական հանցագործություն է։ Իսրայելի իշխանությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն Գազայի հատվածում սովը դադարեցնելու և բոլոր մարդասիրական օգնության մուտքը թույլատրելու համար», – լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ ասել է նա։
ՄԱԿ-ի պարենային անվտանգության փուլային դասակարգման (IPSC) կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ Գազայի հատվածը պաշտոնապես հայտարարվել է սով։
Ավելի վաղ տեղի իշխանությունները հայտարարել էին, որ Գազայի հատվածում մարդասիրական օգնությունը չի բավականացնում։
ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակցություններ է վարում պաղեստինցիներին Գազայից Հարավային Սուդան վերաբնակեցման հնարավորության շուրջ:
Գազայում պատերազմը սկսվել էր 2023թ. հոկտեմբերի 7-ին: 2025թ. հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները:
Իսրայելի կառավարությունը շարունակում է Գազայի մասնակի շրջափակումը և ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ՝ պահանջելով ազատ արձակել բոլոր պատանդներին:
