Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «իմպիչմենթի» թեման շարունակում է մնալ հայկական քաղաքական օրակարգի քննարկման կենտրոնում։ Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքական գործիչ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ։
— Հաջողվե՞ց ԱԺ «Հայաստան» խմբակցությունից հստակ պատասխան ստանալ, թե իրենց հրապարակած 28 ստորագրություններով ի՞նչ գործընթացի են միացել, եթե այդ ստորագրությունները դրված չեն «Պատիվ ունեմ» խմբակցության սկսած իմպիչմենթի գործընթացի տակ:
— «Հայաստան» խմբակցությունը ոչ մի գործընթացի չի միացել եւ սեփական անվստահության գործընթաց չի նախաձեռնել։ Այս պահի դրությամբ Ազգային ժողովում կա երկու խմբակցություն, որոնց պատգամավորներից ոչ մեկը ո՛չ նախաձեռնել է անվստահության գործընթաց, ո՛չ էլ միացել է գոյություն ունեցող երկու գործընթացներից որեւէ մեկին։ Դրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հայաստան» խմբակցությունները։
Ամենայն հավանականությամբ, այն, ինչ հրապարակել են, ընդամենը իրենց խմբակցության 28 պատգամավորների ցանկն է՝ ստորագրություններով հանդերձ։ Իրենց խմբակցության պատգամավորների ցանկը շատ վաղուց հրապարակված է նաեւ Ազգային ժողովի կայքում, եւ ես չգիտեմ՝ ինչու են որոշել նաեւ ստորագրություններով ցուցակ հրապարակել, քանի որ եթե դա վերաբերում է անվստահության գործընթացին, ապա դրանք պետք է դրված լինեին Ազգային ժողովի որոշման այն նախագծի տակ կամ դրան որպես հավելված, որը վերաբերում էր անվստահության գործընթացին։
Ազգային ժողովում նման երկու նախաձեռնություն կա՝ մեկը հեղինակել են Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, իսկ մյուսը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից վեց պատգամավոր։ Եթե «Հայաստան» խմբակցությունը միացած լիներ նրանցից որեւէ մեկին, ապա ստորագրությունների հերթական համարը իրենց դեպքում պետք է սկսվեր երրորդ տողից՝ եթե միացել են նախորդին, կամ յոթերորդ տողից՝ եթե միացել են մյուսին։ Եթե ստորագրությունները դրված են առաջին տողից, ապա նրանք պետք է հայտարարեին իրենց գործընթացի եւ վարչապետի թեկնածուի մասին, սակայն նրանք վարչապետի թեկնածու չեն հայտարարել, նման նախագիծ չունեն, հետեւաբար նրանց հայտարարությունը պարզապես հասարակությանը շփոթեցնելու միջոց է։
Անկեղծ ասած, ցավոք սրտի, ես էլ եմ այդ խաբեությանը զոհ դարձել, քանի որ երբ տեսա Սեյրան Օհանյանի ստորագրությունը, մտածեցի, թե նրանք միացել են այդ նախաձեռնությանը, սակայն հետո, երբ լսեցի ճեպազրույցներով Իշխան Սաղաթելյանի եւ իրենց խմբակցության մյուս պատգամավորների բացատրությունները, հասկացա, որ ոչ մի բանի էլ չեն միացել։ Սա շատ տարօրինակ է: Մենք ակնկալում ենք, որ նրանք պետք է նախաձեռնեին կամ միանային, բայց կարող են նաեւ չմիանալ, քանի որ դա իրենց իրավունքն է։ Պատգամավորներն են որոշում, թե այս կամ այն նախաձեռնության վերաբերյալ ինչպիսի դիրքորոշում ունեն, սակայն ազնիվ լինելը, կարծում եմ, բոլորի համար պարտադիր է։
Այսինքն, եթե չեք ուզում անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, պետք է ասեք, որ մենք չենք հայտնում։ Օրինակ, Թագուհի Ղազարյանը եւ Վահագն Ալեքսանյանն ինձ նամակներ են գրել՝ ի պատասխան ապրիլի 28-ի նամակի։ Չնայած անհիմն եւ անտրամաբանական բացատրություններին, նրանք հստակ հայտնել են իրենց դիրքորոշումը, որ չեն պատրաստվում սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Նրանց մոտեցումները անհիմն են, պատճառաբանությունները՝ անմիտ, բայց դիրքորոշումը հստակ է։
«Հայաստան» խմբակցության պարագայում կրկին չեն ուզում միանալ, այս պահի դրությամբ չեն նախաձեռնել, բայց նաեւ չեն հրաժարվում այդ գաղափարից։ Հիմա չեմ կարողանում հասկանալ, թե այդ մարդկանց ուզածն ի՞նչ է։
— Տեւական ժամանակ է` Դուք փորձում եք հանդիպումներ ունենալ ՔՊ–ական պատգամավորների հետ։ Ի՞նչ ցույց տվեցին արդյունքները, հավատու՞մ եք, որ, այդուհանդերձ, նրանց մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր մի օր կմիանան Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։
— Գիտեք ինչ, նրանց համար կարեւորը պետք է լինի ոչ թե Փաշինյանը կամ նրա կառավարման համակարգը, այլ Հայաստանի ժողովուրդը, որովհետեւ նրանք Սահմանադրությամբ ներկայացնում են ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Հայաստանի ժողովրդին։ Ըստ Սահմանադրության` ամեն մի պատգամավոր, ամեն մեկն առանձին վերցրած, ներկայացնում է հայ ժողովրդին։ Հիմա նրանք պատգամավոր են ընտրվել, որովհետեւ խոստումներ են տվել ժողովրդին, եւ այդ խոստումների հիման վրա մշակվել է կառավարության գործունեության ծրագիր, որն Ազգային ժողովի կողմից հավանության է արժանացել։ Եթե ծրագիրը Ազգային ժողովի կողմից հավանության չարժանանար, ո՛չ Թագուհի Ղազարյանը, ո՛չ Վահագն Ալեքսանյանը, եւ ոչ էլ մյուսները պատգամավոր չէին լինի, որովհետեւ Սահմանադրությամբ Ազգային ժողովը լուծարվում է, եթե Կառավարության ծրագիրը հավանության չի արժանանում։ Այսինքն, դա այն աստիճանի կարեւոր փաստաթուղթ է, որ ոչ միայն պետք է ընդունվի, այլ պետք է նաեւ կատարվի։ Այդ կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում են պատգամավորները, եւ եթե նրանք նայում են, տեսնում են, որ Կառավարության ծրագիրը չի կատարվել՝ անվստահության ինստիտուտը հենց դրա համար է ձեւավորվել։
Մենք այդ ինստիտուտի մասին խոսում ենք, մարդիկ սկսում են անմիտ կերպով արձագանքել՝ իբրեւ թե նրանք շատ են, նրանք մեծամասնություն են։ Ախր, նրանք ո՞վ են, ինչպե՞ս են դարձել պատգամավոր։ Ինձ չի հետաքրքրում նրանց ներքին հարաբերությունների ընկալումները։ Ես այս երկրի Սահմանադրությամբ, օրենքներով եմ առաջնորդվում։ Նրանք պատգամավորներ են, ամեն մեկն առանձին վերցված, եւ ունեն պաշտոնական պարտականություններ։ Ես այժմ գնում եմ իրենց հետ հանդիպումների (որ խուսափում են), եւ դա մի նպատակով է՝ ինձ հետ տանում եմ կառավարության ծրագիրը։ Ասում եմ, օրինակ՝ ո՞ր թիվն ես, Վահագ ջան, ենթադրենք՝ 1993։ Ահա, բացում ենք 93-րդ էջը՝ ցանկացածի հետ, եւ ես այդ պարզ վարժությունը կարող եմ անել՝ կարդալով պայմանական մի տող, եւ պարզվում է, որ դա չի կատարվել։ Ես ասում եմ՝ եթե այդ ծրագիրը չի կատարվում, դու որպես պատգամավոր ի՞նչ պետք է անես։ Այսինքն, քեզ համար կարեւորը Նիկոլ Փաշինյա՞նն է, որ խոստումներ է տվել եւ չի կատարում, թե՞ Հայաստանի ժողովուրդը, որին դու որպես պատգամավորի թեկնածու ժամանակին խոստումներ էիր տվել, եւ հիմա, երբ այդ խոստումները չեն կատարվում, դու ի՞նչ պետք է անես։ Այդ նույնը վերաբերում է նաեւ մյուս պատգամավորներին։ Այդ հարցում խմբակցության մեջ ընդգրկված կլինես, խմբակցությունից դուրս, խմբակցությանդ անունը «Հայաստան» կլինի, թե «Քաղաքացիական պայմանագիր», կապ չունի։ Այս հարցի վերաբերյալ խմբակցության դիրքորոշումները կարեւոր չեն։
— Պարոն Ղազարյան, իսկ նման պարագայում ի՞նչ է սահմանում առհասարակ Ազգային ժողովի կանոնակարգը:
— Ազգային ժողովի կանոնակարգը սահմանում է որոշումների երկու խմբեր՝ որոշումներ, որոնք կայացնում են խմբակցությունները, եւ որոշումներ, որոնք կայացնում են պատգամավորները։ Այն հարցը, որը վերաբերում է կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնություն ցուցաբերելուն, նախաձեռնությանը միանալուն, նախաձեռնության վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուն, կողմ կամ դեմ քվեարկելուն, այստեղ խմբակցության կարծիքն էլ կարեւոր չէ: Ամեն պատգամավոր պետք է ցուցաբերի անհատական մոտեցում։
Ես դեռ սպասում եմ, որ նրանք կգան եւ կմիանան, որովհետեւ եթե չեն միանալու, որքան էլ իրենց համար դա տհաճ կամ հաճելի լինի, իրականում փաստ կա։ Դա հայոց լեզուն է, որն ունի հոմանիշներ եւ հականիշներ։ Եթե այդ գործընթացի անվանումն անվստահությունն է, եւ դու դա գիտակցված չես հայտնում, ապա վստահություն ես հայտնում։ Ուստի՝ ես այս պահի դրությամբ հայտարարում եմ, որ ըստ գոյություն ունեցող օբյեկտիվ իրականության՝ Նիկոլ Փաշինյանը վայելում է «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստան» խմբակցությունների կազմում ընդգրկված բոլոր պատգամավորների անվերապահ եւ ամբողջական աջակցությունը։
Մենք այսօր փաստ ունենք, որ նույնիսկ ՔՊ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները ցուցաբերել են նախաձեռնություն՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու։ Գիտե՞ք, թե ինչով են հիմնավորում։ Երբ լսել եմ Հովիկ Աղազարյանին, նա բացարձակ ճշմարիտ հիմնավորում է տալիս՝ ասում է, որ ինքն է շեղվել մեր ծրագրերից, որովհետեւ մենք ենք իշխանությունը, իսկ նա՝ ոչ, քանի որ մենք շարունակում ենք իրականություն դարձնել նախընտրական ծրագիրը, որով ստացել ենք պատգամավորի կարգավիճակ։ Իսկ նա եւ մյուս պատգամավորները՝ ՔՊ խմբակցության անդամները, շեղվել են այդ ծրագրերից։ Հետեւաբար, նրանք պարտավոր են գալ եւ միանալ այս նախաձեռնությանը, հեռացնել Նիկոլ Փաշինյանին եւ տեղն ընտրել ուրիշ մեկին։
Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ դա կարող է լինել Էդմոն Մարուքյանը (ԼՀԿ նախագահ, Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան)։ Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ դա կարող է լինել Դավիթ Համբարձումյանը (Մասիսի քաղաքապետ)։ Մի հատ ուզում եմ իմանալ, թե Սեյրան Օհանյանի կարծիքով՝ ով կարող է լինել։ Եթե նրանք այլ դիրքորոշում չունեն, ապա դա Նիկոլ Փաշինյանն է։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ