Օրական 60 գրամից ավելի նուշի օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել օքսիդատիվ սթրեսը և պաշտպանել բջիջները վնասումներից, այդ թվում՝ ԴՆԹ-ի։ Սա իր հերթին նվազեցնում է քրոնիկ հիվանդությունների՝ սիրտ-անոթային խանգարումների, շաքարախտի, քաղցկեղի և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների առաջացման ռիսկը, գրում են գիտնականները Nature ամսագրում։
Հետազոտությունները ցույց են տվել, որ նուշը հարուստ է հակաօքսիդանտներով՝ վիտամին E-ով, պոլիֆենոլներով և մոնոչհագեցած ճարպերով։ Այս բաղադրիչները չեզոքացնում են թթվածնի ռեակտիվ տեսակները (ROS)՝ բջիջները վնասող անկայուն մոլեկուլները։ Պարբերաբար նուշ ուտելը բարձրացնում է օրգանիզմի հակաօքսիդանտային ակտիվությունը՝ նվազեցնելով բջջային վնասման մարկերների՝ MDA-ի և 8-OHdG-ի մակարդակը։
Միևնույն ժամանակ, կարևոր է հաշվի առնել նուշի չափաբաժինն ու պատրաստման եղանակը։ Օրինակ՝ բոված նուշում պոլիֆենոլների պարունակությունը կարող է նվազել մինչև 26%-ով, ինչի հետևանքով դրա հակաօքսիդանտային ազդեցությունը թուլանում է՝ համեմատած հում նուշի հետ։
Առավելագույն օգուտ ստանալու համար մասնագետները խորհուրդ են տալիս օրական օգտագործել մոտ 60 գրամ նուշ՝ երկու մեծ բուռի չափ։
Նուշը սննդակարգում ներառելը կարող է դառնալ առողջությունը պահպանելու և քրոնիկ հիվանդությունների կանխարգելման պարզ ու մատչելի միջոց։